Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից աջակցություն կստանան
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Ծրագիրը հնարավորություն կտա տեղահանված 3000-ից ավելի ընտանիքներին ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները։ Շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան՝ բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։
Ֆինանսավորող կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու պարագայում՝ սերտիֆիկատի միջոցով պետությունը վարկային ժամանակացույցին համապատասխան կիրականացնի մայր գումարի և տոկոսագումարի վճարում, մասնավորապես՝
Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում