Նոր Porsche և Volkswagen մեքենաներով բեռնված նավն այրվել է Ատլանտյան օվկիանոսում
«Felicity Ace» անվանումով բեռնատար նավը, որը տեղափոխում էր Porsche և Volkswagen նոր մեքենաներ, այրվել է Ատլանտյան օվկիանոսում: Ինչպես հաղորդում է Washington Post-ը, նավը Գերմանիայից ուղևորվել է ԱՄՆ: Հրդեհի պատճառի մասին չի հաղորդվում, սակայն արդեն հայտնի է, որ նավի անձնակազմի բոլոր 22 անդամները փրկվել են, գրում է autonews.ru-ն։
Դեռևս հայտնի չէ նաև ավտոմեքենաների ճշգրիտ քանակը, որոնք բեռնվել են նավի վրա, իսկ արդյունքում նավը կորցրել է կառավարումը։
Ըստ The Drive-ի՝ նավի վրա կարող է տեղավորվել շուրջ 4000 մեքենա։ Հնարավոր է, որ հրդեհից բազմաթիվ մեքենաներ վնասվել են։
Porsche-ի ամերիկյան ստորաբաժանումից հայտնել են, որ իրենք տեղեկացվել են դեպքի մասին։ Ընկերությունը հաստատել է, որ «Felicity Ace»-ում իսկապես կային Porsche մեքենաներ: Գերմանական ապրանքանիշի ներկայացուցիչներն ընդգծել են, որ դիլերները շուտով հաճախորդներին կտրամադրեն բոլոր անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունները։
Իր հերթին Volkswagen-ը հայտարարել է, որ «իրենք տեղյակ են Ատլանտյան օվկիանոսով «Volkswagen» մեքենաներ տեղափոխող բեռնատար նավի հետ կատարված միջադեպի մասին»։ Ընկերությունում ընդգծել են, որ այս պահին հրդեհից տուժածների մասին տեղեկություններ չկան։
«Մենք աշխատում ենք տեղական իշխանությունների և բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի պատճառները հետաքննելու համար»,- ասել են Volkswagen-ից։