Բորիս Մուրազին սպասում է ոստիկանությանը
Politik.am կայքի հիմնադիր Բորիս Մուրազին գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ խմբագրություն ներխուժելու փաստի առթիվ։ Նաև բացատրություն է տվել։
«Նրանցից մեկը զոհված զինծառայողի հայր է։ Հեռախոսազանգի ընթացքում ես հասկացա, որ խնդիրը Արայիկ Հարությունյանի մասին իմ գրառումն է։ Վստահ եմ, որ ուղղորդում է եղել կամ Արայիկ Հարությունյանի կամ նրան մոտ կանգնած մարդկանց կողմից»,-ասաց Մուրազին։
Նա հույս ունի, որ ոստիկանությունը կպարզի դրդապատճառները, կբացահայտի, թե ովքեր են այդ մարդկանց մոլորեցրել, հրահանգել կամ առաջարկել նման գործողություններ կատարել։
«Դուք տեսել եք, որ այդ մարդկանց մեծ մասը բժշկական դիմակներով էին, կարծում եմ, իրենց ով լինելը թաքցնելու խնդիր ունեին։ Լավ բանի համար մարդը այդ ձևով ու այդ քանակով չէր կարող գալ»,-ասաց նա «Հայելի» ակումբում։
Մուրազին կարծում է, որ նման ներխուժման պատճառը Արցախի իշխանություններին ուղղված քննադատությունն է։
«Մեզ մոտ շատ հաճախ են Արցախից հյուրեր լինում, քննարկում ենք բյուջեի մսխումը, որ այս պահին Արցախի նախագահը կատարում է։ Ստեղծվել են շինարարական, գյուղատնտեսական ընկերություններ, որոնք փոխկապակցված են Արցախի նախագահի հետ։ Ես չեմ ասում, որ այդ ընկերությունները գործ չեն անում, բայց վստահաբար ավելի շատ բան կարելի էր անել, եթե այդ ընկերություններն իշխանության հետ կապ չունենային ու կոռուպցիոն վտանգներ չպարունակեին։ Պարզ է, որ Արայիկ Հարությունյանն այսպես պետք է արձագանքեր, քանի որ խոսքը պետության հաշվին ստացվող ու ստացած եկամուտների մասին է, որոնցով Ռուսաստանում գյուղատնտեսական հողեր է գնում»,-հայտարարեց Մուրազին։