Կրթության զարգացման պետական ծրագիրը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրային քննարկման ներկայացված 2022-2023 ուստարվա համար բուհերին հատկացվող ընդունելության անվճար տեղերի և ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի› նախագծերը:
Անդրադառնալով ըստ մասնագիտությունների պետպատվերի տեղերի բաշխման հարցին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ պետք է վերանայել պետական պատվերի քաղաքականությունը և հստակեցնել դրա հատկացման նպատակն ու ուղղությունները: Նրա խոսքով՝ այս բարդագույն հարցում էական են երկու շահագրգիռ կառույցների՝ Էկոնոմիկայի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների առաջարկները:
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ բուհերից ստացվել են համապատասխան առաջարկներ, որի արդյունքում այս տարի նախատեսվել է ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ըստ փոխնախարարի՝ ավելացված տեղերը հատկացվելու են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը պետության տնտեսության զարգացման համար։
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի› նախագծին՝ Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում առաջարկվող հիմնական ռազմավարական ուղղությունները: Փոխնախարարի խոսքով՝ ծրագրում ամրագրվել է, որ պետական և ոչ պետական բուհերը պետք է գործեն մրցակցային նույն դաշտում: Երկրորդ ուղղությունն այն է, որ պետք է մշակվեն համապատասխան բուհական ստանդարտներ, այդ թվում՝ ըստ մասնագիտությունների, և այս առումով պետության կողմից բոլոր բուհերը պետք է ունենան նույն մոտեցումը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ բուհերը պետք է առնվազն գրանցվեն հայտնի ռեյտինգային համակարգերում, որտեղ սահմանված են հստակ միջազգային չափանիշներ: Նա նաև կարևորել է դասախոսների համալրման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև այն խնդիրը, որ ամեն բուհ հնարավորություն չունենա տրամադրելու երրորդ մակարդակի կրթություն: Այս հարցում, ըստ Կարեն Թռչունյանի, պետությունը կսահմանի հստակ ու խիստ չափանիշներ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության ոլորտում առկա մի շարք մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին: Վահրամ Դումանյանը փաստել է, որ պետությունը պետք է չմիջամտի մասնագիտական կրթության ոլորտի գործընթացներին, այլ ձևավորի այնպիսի միջավայր, որպեսզի բուհերը համապատասխանեն միջազգային չափանիշներին: Նախարարը կարևորել է նաև պետական և ոչ պետական բուհերի՝ մրցակցային նույն դաշտում լինելու հանգամանքը:
Նիստին մասնակից ռեկտորները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով և բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ոլորտի պատասխանատուները տվել են պարզաբանումներ: