ԱՆ-ն նախաձեռնել է փաստաբանության ոլորտի բարեփոխում
Արդարադատության նախարարությունում կայացել է քննարկում ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ:
ԱՆ-ից հայտնում են՝ նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից։ Նախքան հանրային քննարկման ներկայացվելը Նախագիծը աշխատանքային կարգով շրջանառվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր փաստաբանների միջև՝ նրանց կարծիքները հավաքագրելու համար:
Ըստ աղբյուրի, նախագծում առաջարկվում են հետևյալ փոփոխությունները, որոնք բխում են 2021-2026թթ. Կառավարության ծրագրից և 2019-2023թթ. դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից.
• փաստաբանների պալատի ներքին կառուցվածքի վերանայում, որի շրջանակներում նախատեսվում է պալատում ձևավորել կարգապահական գործերը քննող առանձին մարմին՝ կարգապահական հանձնաժողովը,
• փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատաակով Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների` իրենց կարգավիճակ քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելու համար օգտագործելու արգելքի և իրենց լիազորություններն իրականացնելիս քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերելու պահանջի սահմանում,
• հանրային պաշտպանության շահառուների շրջանակը ընդլայնվում է դրանում ներառելով նաև՝
- օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու գործերով,
- անձանց, ում վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթներով, ինչպես նաև
- տուժողներին, եթե վերջիններս պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա,
• ներդրվում են հանրային պաշտպանի գրասենյակի հաշվետվողականության և գնահատման նոր չափանիշներ, ինչը միտված է գրասենյակի ծառայությունների բարելավմանը,
• բացի հանրային պաշտպանությունից օրենսդրորեն նախատեսվում են առանձին փաստաբանների կամ փաստաբանական կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից կամավոր անհատույց իրավաբանական օգնության (pro bono) տրամադրման կառուցակարգեր՝ նախատեսելով նաև համապատասխան խրախուսման եղանակներ՝ նշված մշակույթը Հայաստանում զարգացնելու համար,
• վերանայվում է փաստաբանների որակավորման ընթացակարգը, որի դեպքում որոշ անձինք կկարողանան մասնակցել որակավորման քննություններին՝ առանց փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու պարտադիր պահանջի պահպանման. մասնավորապես՝իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճաններ կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և իրավաբանի` առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք, ինչպես նաև նախկինում առնվազն հինգ տարվա փաստաբանական գործունեության ստաժ, առնվազն հինգ տարվա դատախազի կամ դատավորի մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձինք,
• վերանայվում է փաստաբանների պալատի մարմինների ընտրության կարգը, որի դեպքում քվեարկության յուրաքանչյուր մասնակից կկարողան ընտրել ընտրվող մարմնի անդամների թվի կեսի չափով թեկնածուների,
• ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվում են փաստաբանների կարգապահական վարույթի ընթացակարգի վերաբերյալ տարբեր կարգավորումներ՝ միտված այս վարույթի շրջանակներում փաստաբանների իրավունքների և շահերի պաշտպանությանը:
Քննարկման մասնակիցները, Փաստաբանների պալատի նախագահը և փաստաբանական դպրոցի տնօրենը դրական արտահայտվեցին որակավորման քննության կարգի վերաբերյալ, նշելով, որ համայնք մուտք գործող անձանց դեպքում որակավորման քննության միջոցով կստուգվեն նրանց այնպիսի գիտելիքները, որոնք նրանք կստանային, եթե սովորեին փաստաբանական դպրոցում, ուստի արդյունքում կապահովվի պատշաճ մասնագետների մուտքը դեպի համայնք։
Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքների գերծանրաբեռնվածության մասին բարձրաձայնվել է նաև Փաստաբանների պալատի և Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից։ Վերջիններս ընդգծել են, որ անհրաժեշտ է օրենսդրորեն որոշակի մեխանիզմներ նախատեսել, որոնք կաջակցեն Հանրային պաշտպանի գրասենյակի թեթևացմանը։ Ներկայացված նախագծով այս խնդիրը ևս կարգավորվում է։
ԱՆ-ից հայտնում են, որ ներկաների կողմից ողջունվեց նաև Pro Bono օրենսդրական կառուցակարգերի ներդնումը, ավելին՝ մասնակիցները պնդել են, որ Pro Bono օգնության շահառուների շրջանակը չպետք է օրենսդրորեն սահմանափակ լինի, որպեսզի ցանկության դեպքում փաստաբանները հնարավորություն ունենան ֆինանսական խնդիրներ ունեցող անձանց անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, ինչը կնպատաստի ոչ միայն Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության թեթևացմանը, այլև՝ Pro Bono մշակույթի զարգացմանը Հայաստանում, և անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ավելի լիարժեք և պատշաճ իրականացմանը։
Հարցերն ու առաջարկությունները կշարունակվեն ընդունվել, որոնք կուսումնասիրվեն նախագիծը լրամշակելիս: «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշել է, որ օրենքի նախագիծը վերջնական լրամշակումից հետո կդրվի հանրային քննարկման:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան