Ամենաազգային հայ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ու գիրք նվիրելու խորհուրդը
Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։
Պատահական չէ այս օրը հռչակվել գիրք նվիրելու օր, քանի որ մեզանից շատերը գրքի հետ ծանոթացել են թումանյանական հեքիաթներով ու մանկական բանաստեղծություններով։ Եւ այսօր, Հովհաննես Թումանյանի` մեծ գրքասերի և բանաստեղծի ծննդյան օրը բոլորն իրար գրքեր են նվիրում:
Դեռևս 2008 թ-ից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հայաստանում ավանդաբար նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Վերջին տարիներին ընթերցանության և գրքերի նկատմամբ հետաքրքրությունն իսկապես աճել է, իսկ Գիրք նվիրելու օրը տոն է դարձել բոլորի համար:
Ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ արձագանք է գտել հանրության շրջանում: Դեռ օրեր առաջ ընթերցասերները հայտնում են, թե ինչ գիրք կուզեին իրենց նվիրել, իսկ ամենակարևորը՝ դպրոցականներ են գրքեր նվիրում ու ստանում։ Բացի այդ, այս օրը կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ՝ շնորհանդեսներ, քննարկումներ, գրքեր են նվիրում գրադարաններին, դպրոցներին։
Թումանյանը հայ գրողներից ամենաշատն է ուսումնասիրված, հրատարակված և կարդացված։ Մեծ բանաստեղծի թողած ժառանգությունը բարձր են գնահատել ոչ միայն հայ, այլև համաշխարհային ճանաչում ունեցող գրողներն ու գրականագետները։
Ֆրանսիացի գրականագետ Ժակ Նեֆը Թումանյանի մասին գրել է. «Մենք չունենք այնպիսի գրող, որին դարձնենք ազգային խորհրդանիշ»։ Հայ ժողովուրդը վստահ կարող է ասել, որ ունենք ազգային խորհրդանիշ՝ Հովհաննես Թումանյան, որն ամենաազգային հայ գրողն է։
Եւ պատահական չէ, որ գրող Հրանտ Մաթևոսյանն ասում է, որ «Թումանյանով մենք կանք, առանց Թումանյանի մենք չկանք…»։ «Այդպես միայն զորավար արքաներն են լինում… Իր կատարելությունը կատարյալ դառնալու կարիք չի զգում… Նա իր ժողովրդի կատարելության խորհրդանիշն է»,- գրել է Մաթևոսյանը։
Անգամ համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ չէին կարող անտարբեր անցնել Թումանյանի գրի կողքով:
Ռուս արձակագիր, բանաստեղծ, քննադատ, մանկագիր Կորնեյ Չուկովսկին Թումանյանի՝ հենց միայն մանուկների համար գրված ստեղծագործությունները նկատի ունենալով գրել է. «Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»՝ իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների շարքը չդասել»։
Ռուս գրող, գրականագետ, թարգմանիչ Վալերի Բրյուսովը բարձր գնահատելով Հովհաննես Թումանյանի գրական վաստակը, նշել է, «Ժողովրդի ձայնը կրկին լսվում և երևում է նրա ստեղծագործության մեջ: Նրա փայլուն բանաստեղծությունների մեջ հանդես է գալիս ինքը՝ հայ ժողովուրդը՝ իր հույզերով և իմաստությամբ: Թումանյանը մի վեպ է, ազգային էպոպեա»։
Վրաց բանաստեղծ Տիցիան Տաբիձեի գնահատմամբ՝ ամենայն հայոց բանաստեղծը բացառիկ ու հազվագյուտ անհատականություններից մեկն էր։
«Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում»,- գրել է նա։
20-րդ դարի ամենահայտնի հայ կին գրողի, հրապարակախոս, հումանիստ Զապել Եսայանն էլ
1915թ-ին Թիֆլիսում հանդիպում է Հովհաննես Թումանյանի հետ, որը ջերմորեն ընդունում է նրան և տեղավորում իր տանը։ Իսկ 1916 թ. փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, Եսայանը դասախոսություն է կարդում «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսի մեջ» վերնագրով։
Նա Թումանյանի մասին գրել է. «Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր»։
Մեկ այլ հանճար Եղիշե Չարենցը բարձր է գնահատել Թումանյանի վաստակը, իսկ նրա խոսքերը մեծն պոետի մասին գրեթե բոլորս գիտենք. «Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան, Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության...»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան