18 տարի առաջ այս օրը Եվրոպայում ադրբեջանցի Սաֆարովը կացնահարեց քնած հայ սպային
2004-ի փետրվարի 19-ին առավոտյան ժամը 5:30-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար կացնահարեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, որը քնած էր։ Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր:
Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:
Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ադրբեջանցին: Գուրգենի ու ադրբեջանցու, և ընդհանրապես խմբի անդամների միջև որևէ անգամ կոնֆլիկտ չի եղել: Հունգարացու պատմելով` միջազգային հակամարտության թեման քննարկվել էր միայն մեկ անգամ՝ առաջին օրը, դրանից հետո ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել:
Բալաշը պատմել է նաև, որ փետրվարի 18-ի երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ:
«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին:
Լեյտենանտի սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ նրա հետ էլ գործը ավարտելու նպատակով: Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, Ռամիլը նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային: Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել:
Ադրբեջանցին արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը: Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը` բացելու այն: Բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրոդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը: Նա կանգնեցնում է հայ սպային` մտածելով, որ Սաֆարովը կարող է զինված լինել: Կասկածները փարատելու համար նա զանգում է նույն միջանցքի սենյակներից մեկում ապրող իր հայրենկցին` խնդրում ստուգել, թե ինչ է կատարվում:
Մինչ այդ Սաֆարովը արյունոտ կացինը ձեռքին սկսում է խելակորույս մյուս սենյակներում փնտրել Հայկին, բոլորին ասել է, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Այդ ժամանակ մյուս լիտվացին ու ոստիկանության աշխատակիցները մոտենում են:
Ոստիկանության աշխատակիցներին արյունարբու Սաֆարովն ասում է, որ իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէ, այլ ողջ հայ ազգի:
Նշենք, որ ոստիկանությունն էլ քաղաքական մոտիվացիա տվեց սպանությանը: Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:
2012 թվականի օգոստոսին Սաֆարովը տեղափոխվեց Ադրբեջան՝ իբր հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Սակայն արդարացվեց ու ազգային հերոս ճանաչվեց:
Հարակից հրապարակումներ`
- Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին
- Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը
- ՍաՖարովի կողմից կացնահարված հայ սպայի հարազատներն արդարություն են պահանջում. The Guardian
- «Գուրգեն Մարգարյանի սպանությունը և դատապարտված մարդասպանի հետագա ներումն ու փառաբանումն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է»
- Հիմա մենք համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին. Փաշինյան
- Ռուբեն Մելիքյան. Արցախում հիշում են հունգարացիներին, ովքեր բողոքեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ
- ՄԻԵԴ-ը Ադրբեջանից և Հունգարիայից Սաֆարովի գործով պարզաբանումներ է պահանջում