Newmag Winter Fest. 7 նոր գիրք՝ ընթերցասերների համար
Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, Newmag-i նախաձեռնությամբ տեղի է ունենում գրքի Ձմեռային փառատոն՝ «Newmag Winer Fest 2022»-ը: Փառատոնի ընթացքում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, գրքի խաղարկություններ։
Newmag-ը չորս տարվա ընթացքում հրատարակել է յոթ տասնյակ գիրք, հայկական և համաշխարհային բեսթսելլեր, որոնք տարբեր մրցանակաների են արժանացել:
«Newmag» հրատարակչության գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ երբ սկսեցին պատրաստվել փառատոնին, հիմանական շեշտը փորձեցին դնել ոչ գեղարվեստական գրականության վրա։
Նրա խոսքով՝ փառատոնի ընթացքում կներկայացվի 7 նոր գիրք, ինչը ռեկորդ է, քանի որ մեկ օրում նման քանակի գիրք են ներկայացնում ընթերցասերներին։
«Այդ յոթ գրքերն այպես, թե այնպես կապ ունեն, առնչվում են հայերի ու Հայաստանի հետ։ 2020 թվականի պատերազմը և պարտությունը մեզ ստիպում են այլ հայացքով նայել ինքներս մեզ։ Վերջին 100 տարում մեզ հետ պատահած ամենամեծ ողբերգությունն ամբողջությամբ փոխել է մեր ընկալումները։ Այդ պատճառով գրականությունը ևս պետք է այդպիսին լինի։ Ավելին՝ այն պետք է սկսվի հենց գրականությունից»,- նշեց Արտակ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ հետաքրքիր զուգադիպությամբ այսօրվա գրքերը ցույց են տալիս մեր անցյալի տարբեր էպիզոդներ։ Օրինակ, ըստ նրա, «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը գրեթե ապացուցում է այսօրվա ՏՏ ոլորտի հարաբերական հաջողության կենսաբանական գործոնը։ «Այնպես չէ, որ մեկ օրում Հայաստանի ՏՏ-ն զարգացել է, այստեղ մեծ դեր է խաղացել գիտագործնական այն փորձը, որ եղել է մեր պապերի ու ծնողների մոտ»,- ասաց Արտակ Ալեքսանյանը։
Իսկ «Հայաստանն ու անձամբ Բուշը» գիրքն, ըստ նրա, ցույց է տալիս անկախության առաջին ժամերն ու առաջին տարիները, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման առաջին փորձերը։ «Ընդորում՝ հայ-ամերիկյան այդ տարիների հաստատված առաջին շփումների արդյունքում ձևավորված օրակարգը գրեթե անփոփոխ է 30 տարի։ Եւ, ըստ էության, իմանալով, թե ինչ է կատարվել 88-92թթ-ին, մենք մեծ հաշվով կարող ենք հասկանալ, թե ինչի շուրջ է 30 տարի և այսօր տեղի ունենում հայ-ամերիկյան բանակցային օրակարգը»,- նշեց նա։
Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ «Օպերացիա «Զոդ»» գիրքն էլ տալիս է մեկ այլ հարցի պատասխան, թե ինչու է Ադրբեջանը փորձում պատերազմից հետո այդքան ագրեսիվորեն շարունակել զինված բախումները հայ-ադրբեջանական սահմանագծով։
«Պատասխանը մեկն է՝ Ադրբեջանի ցանկությունները չեն փոխվել ուղիղ 100 տարի, այն, ինչ Բաքուն ցանկանում էր 1919-ին, ցանկանում է նաև այսօր Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես այդ հարցը 100 տարի առաջ կարողացավ լուծել Հայաստանը»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ այսօր ներկայացնելու են գեղարվեստական վեպեր, այդ թվում՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի շարունակությունը՝ «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ», ինչպես նաև նրա մեկ այլ՝ գրեթե ինքնակենսագրական համարվող «Դրսեկը» ստեղծագործությունը։
Հայ ընթերցասերներին կներկայացվի նաև ամերիկահայ արձակագիր Վահան Զանոյանի «Անապակ առեղծված» ստեղծագործությունը,Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գրքի առաջին և երկրորդ հատորները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով օրվա խորհրդին՝ նշեց, որ գրքի շնորհիվ ճանաչում ես ինքդ քեզ, հաճախ գիրք կարդալիս հարց ես տալիս, թե ինչպես կվարվեիր այս կամ այն իրավիճակում, համաձա՞յն ես հերոսի հետ, թե՞ ոչ:
«Գրականությունը մտածելու արվեստ է սովորեցնում, քանի որ ընթերցելիս վիճում ես կերպարների հետ, և երկխոսություն է սկսվում գրողի հետ։ Ցավոք, գիրք կարդալը կամ ուսումնասիրելը, գրքի միջոցով աշխարհը ճանաչելը մեր օրերում դարձել է ոչ պոպուլյար: Նկատել եմ, որ ֆիլմերն են ասես փոխարինում գրքերին։ Բայց գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը երբեք չի կարող փոխարինել գրքին, որովհետև ռեժիսորն անպայման իր մոտեցումն էլ է առաջարկում կինոնկարում, և գրքի անաղարտությունը կորում է»,- նշեց նա։
Արման Թաթոյանը կարևորեց Գիրք նվիրելու տոնը. «Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը` երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, որ մանկավարժները հորդորեն գիրք կարդալ»։
«Newmag»-ի կրեդոն է՝ ստեղծել ու առաջարկել նոր բովանդակություն, գրքեր, որոնք անհրաժեշտ են այսօր և հիմա, օգտակար են փորձագետներին, ակտուալ են ընթերցողների համար»,- ընդգծեց Արտակ Ալեքսանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան