Ի՞նչ է նախընտրում կարդալ հայաստանցի ընթերցողը
Վերջին օրերին գրախանութներում արտասովոր եռուզեռ է: Ամենայն Հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում հռչակվել է գիրք նվիրելու տոն։
Դպրոցներում, բուհերում, մանկապարտեզներում, աշխատավայրերում փետրվարի 19-ին մարդիկ միմյանց գրքեր են նվիրում։
«Զանգակ» գրատան հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանը փաստում է՝ նորագույն տեխնոլոգիաներն ու դրանց զարգացումը չխանգարեցին գրքի ու դրա ընթերցանության տարածմանը, ավելին, տարեցտարի գրքի վաճառքն ավելանում է։
Տեխնոլոգիաների ու միմյանց հետ մրցակցության պայմաններում հեղինակներն ու գրահրատարակիչները ստիպված են անընդհատ նոր գաղափարներով ու լուծումներով հանդես գալ։
«Եթե ավելի երիտասարդ կամ հասուն մարդկանց բավարար է գիրքն իր դասական ձևաչափով, ապա երեխաների համար մոտեցումը պետք է լինի առավել հետաքրքիր և առանձնահատուկ. իր բովանդակային և ձևային կառուցվածքով գիրքը պետք է գրավի, կտրի հեռախոսից, հեռուստացույցից»,-ասում է Օհանյանը։
Գրքի գնման պրոցեսն ավելի մատչելի, հարմարավետ և հաճելի դարձնելու համար «Զանգակ»-ը ստեղծել է zangakbookstore.am կայքը։
Գրատան ներկայացուցչի խոսքով, հայաստանցի ընթերցողն առավել նախընտրում է գեղարվեստական գրականություն, որի սիրահարները բավականին շատ են և ակտիվ։
Ընթերցողների երկրորդ մեծ խումբը նախընտրում է մոտիվացիոն գրականություն։
«Նախորդ տարիների համեմատ այսօր ունենք մոտիվացնող գրականության բավականին մեծ ցանկ`նոր հեղինակներ, նոր աշխատանքներ»,-ասում է Օհանյանը։
Գրախանութներում արագ սպառվում են նաև մանուկների, պատանիների համար նախատեսված գրքերը։
«Մեր գործունեության ամբողջ ընթացքում ուշադրության կենտրոնում եղել է հատկապես մանկական գրականության տարածումը և երեխաների շրջանում գրքի նկատմամբ սիրո սերմանումը։ Այս օրերին ականատես ենք լինում գրքային իրարանցման, գրախանութների մուտքի մոտ հերթերի: Սա մեծ ջանքերի և գրքի ուժի շնորհիվ է»,-ասում է «Զանգակ»-ի հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանը։
Գրքի տոնին կազմակերպվում են հետաքրքիր միջոցառումներ, ցերեկույթներ, շնորհանդեսներ։
Հարակից հրապարակումներ`
- «Քո առաջին գիրքը». Գրքեր են նվիրել ծննդատնից դուրս գրվող նորածին Մոնթեին, ում եբայրը ծառայում է Հայկական բանակում
- Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ
- Խնկո Ապոր անվան գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան