Չինաստանը մոտ մեկ միլիոն ույղուրներին պահում է անազատության մեջ հատուկ ճամբարներում
Չինաստանի մարդու իրավունքների վիճակն ու նրա վերաբերմունքը ույղուր փոքրամասնության նկատմամբ դարձել են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտների պատճառ: Իրավապաշտպանները մեղադրում են Չինաստանին Սինցզյանում ավելի քան մեկ միլիոն մարդ կալանավորելու մեջ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Այս իսլամական դպրոցը Վաշինգտոնի Ֆեյրֆաքս արվարձանում է, որը գտնվում է Վիրջինիա նահանգում: Այն կրկին բաց է COVID-ի հետևանքով առաջացած կարանտինից հետո: Հաճախող երեխաներից շատերը ներգաղթյալներ են Չինաստանի մի շրջանից, որը հայտնի է որպես Սինցզյան:
Նրանք ույղուրներ են՝ մուսուլմանական էթնիկ խմբի անդամներ, որոնք ապրում են Սինցզյանում: Այստեղ երեխաներին սովորեցնում են ույղուրերեն լեզու և գրականություն, ինչպես նաև իսլամական կրոնի և թյուրքական պատմության և մշակույթի հիմունքներ:
Այս դպրոցի գրեթե յուրաքանչյուր աշակերտ ընտանիք ունի Սինցզյանում: Նրանք ասում են, որ իրենց հարազատները կա՛մ համակենտրոնացման ճամբարներում են, կա՛մ մահացել են։ Նրանք մեղադրում են Չինաստանի իշխանություններին Սինցզյանում բոլոր էթնիկ փոքրամասնություններին հալածելու մեջ՝ ոչ միայն ույղուրներին, այլ նաև ղազախներին, ղրղզներին և ուզբեկներին:
Պեկինը հերքում է Չինաստանում համակենտրոնացման ճամբարների գոյությունը։ Չինաստանի կառավարությունն անվանում է Սինցզյանում ույղուրների անազատության մեջ պահելու հաստատությունները մասնագիտական վերապատրաստման դպրոցներ կամ կրթական կենտրոններ: Իշխանություններն ընդգծում են, որ այս «վերակրթության» միջոցառումներն ուղղված են ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին։
Բայց այս քաղաքականությունն իրականում ուղղված է բռնի ուծացման, ասում է Ռաթգերսի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Էնգի Աբդելքադերը: Ըստ նրա՝ այն անհատները, ովքեր իշխանությունների կողմից դիտվում են որպես համապատասխանության այս քաղաքականությանը անհավատարիմ, կալանավորվում են և ուղարկվում հատուկ ճամբարներ:
Ներկայում կա առնվազն մեկ միլիոն ույղուր մուսուլմաններ, որոնք կալանավորված են այդ ճամբարներում, որոնք ըստ Պեկինի հակաահաբեկչական կենտրոններ են։
Ոմանք, ովքեր փրկվել են ճամբարներից և կարողացել են փախչել ԱՄՆ, մեկ անգամ չէ, որ վկայություն են տվել ԱՄՆ Կոնգրեսում իրենց հետ կատարվածի մասին: 44-ամյա Թուրսունայ Զիյավուդունը, ով էթնիկ ույղուր է, ասում է, որ իրեն ոստիկանությունը երկու անգամ ձերբակալել է և նա անցկացրել է ավելի քան տասը ամիս համակենտրոնացման ճամբարում։ Նրա խցակիցներից շատերը ձերբակալվել են իսլամ դավանելու համար:
«Ճամբարում ես իմացա, որ մարդկանց մեծ մասն առանց պատճառի է բանտարկված: Նրանք ձերբակալվել են աղոթելու, Ղուրան կարդալու, հիջաբ կրելու համար։ Ընդհանրապես իսլամ դավանելու համար»,- ասում է նա։
Այս հատուկ ճամբարի ներսում Թուրսունայը և նրա բոլոր խցակիցները գտնվում էին մշտական տեսահսկման ներքո:
«Ճամբարում մեզ թույլ չէին տալիս խոսել մեր մայրենի լեզվով։ Մենք չէինք կարող արտաբերել «Սինցզյան» բառը. մեզ անմիջապես ուղղում էին. «Չկա Սինցզյան, կա միայն «Չինաստանի Հանրապետություն»:
Իրավապաշտպան խմբերի, ներառյալ Human Rights Watch-ի, գնահատականով ավելի քան մեկ միլիոն մարդ պահվում է Սինցզյանի ճամբարներում։
Այդ ընթացքում Ֆեյրֆաքսի այս դպրոցի ույղուր երեխաները սովորում են ավանդական ույղուրական պարեր: Նրանք վայելում են ԱՄՆ-ում իրենց գտած ազատությունը, որը գոյություն չունի Չինաստանում իրենց հարազատների համար:
Հոդվածը նախապատրաստվել է Սանջար Համիդովի ու Աննա Ռայսի նյութի հիման վրա