Ռուբեն Մելքոնյան. Խաղաղության լոզունգը փուչ է
«Ադրբեջանի իդեալը Սաֆարովն է, խաղաղությունն ու խաղաղության քարոզը չէ»,- «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով, որպես հայ ու քրիստոնյա դեմ է խաղաղությանը, ինչպես նաև ատելությանը։
«Խաղաղությունը մեր բնույթին հարիր է, բայց մեզ շրջապատող պայմաններն են այլ։ Ուստի խաղաղություն ասելով, խաղաղության դարաշարջանից խոսելով՝ Հայաստանի իշխանությունները փոխում են ոչ թե Ադրբեջանի հասարակությանը, որ հայատյացության մասին գրքերով են մեծացել, այլ թուլացնում են մեր հասարակության զգոնությունը։ Մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում»,-ասաց Մելքոնյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի դպրոցներում դասավանդվող գրքերում շարունակում են տեղ գտնել հակահայ, ատելություն սերմանող նյութեր, իսկ Հայաստանում փորփրում են մեր մանկության դասագրքերը, որպեսզի հանեն ինչ-ինչ հատվածներ։
«Գարեգին Նժդեհի անունն են ուզում հանել, սա ի՞նչ է, եթե ոչ զգոնության թուլացում։ Սա նույնն է, որ դու գնաս պատերազմի, բայց մինչև այդ միտումնավոր փչացնես քո զենքերը, կամ պատերազմի գնաս խաղաղության դրոշը վերցրած։ Այնպես որ, ես կողմ եմ, որ մեր հասարակությունը տարվի իրատեսության գաղափարով, չգնա ինքնախաբեության ճանապարհով։ Խաղաղության լոզունգը փուչ է։ Իլհամ Ալիևը մնում է հայերենով ասի, որ չի գնալու խաղաղության, նա բացահայտ ասում է, եթե խաղաղության պահմանագիր էլ կնքվի, մենք չպետք է մոռանանք հայերի թշնամանքը մեր նկատմամբ։ Եթե նման պայմաններում մենք խոսում ենք խաղաղությունից, ապա դա ինքնախաբեություն է, մեր զգոնությունից կամովի հրաժարում։ Մեր հասարակությանը պետք է կրթել դեպի իրատեսություն, դեպի ինքնապաշտպանություն»,-ասաց բանախոսը։