ՀՀ իշխանությունները մեսիջ են տալիս թշնամական երկրներին, որ պատրաստ են կատարելու նրանց բոլոր ցանկությունները. Անդրանիկ Թևանյան
Փետրվարի 23-ին ժամը 12-ին արդեն նախաձեռնված է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվի «Հայաստան» խմբակցության հեղինակած Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը, սակայն իշխող խմբակցության այսօրվա մոտեցումից հետո, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրաիկ Թևանյանը ենթադրում է, որ կարող է նիստը տապալեն։
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր այս հայտարարության նախագիծը, ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հայտարարել էր՝ չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին, քվեարկության ժամանակ ՔՊ-ական պատգամավորները ձեռնպահ մնացին։
«Այսօր մենք ականատեսը դարձանք մի ամոթալի և խայտառակ քաղաքական որոշման, որը կայացրեց իշխանությունը: Իհարկե, որ ասեմ՝ շատ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ իշխող խմբակցության կողմից այսքան բացահայտ և այսքան ակնհայտ թուրքամետ քաղաքականությունը կողջունի, չէի պատկերացնում»,- ասաց Ա.Թևանյանը։
Նրա խոսքով, «Հայաստան» խմբակցությունը ներկայացել է «Շուշիի հռչակագրի» դեմ ուղղված հայտարարություն, որտեղ իրենց մտահոգություններն են ներկայացրել Հայաստանի և Արցախի դեմ սպառնալիքների մասով, իշխող խմբակցությունը մերժում է այդ հայտարարությունը՝ դրանով իսկ կողմ արտահայտվելով «Շուշիի հռչակագրին», կողմ արտահայտվելով Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվելով Հայոց ցեղապանության ճանաչումից հրաժարվելուն, «Զանգեզուրի միջանցքին» և բոլոր այն նախապայմաններին, որոնք թուրքերն ու ադրբեջանցիներն առաջ են քաշում:
«Սա, այսպես կոչված, խաղաղասիրական քաղաքականության դրսևորում էր, որը բերելու է նոր ավերածությունների, նոր ողբերգության։ Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա հայաստանյան իշխանությունների կողմից, քանի որ դու փաստացի մեսիջ ես տալիս քո թշնամական երկրներին, որ պատրաստ ես կատարելու նրանց բոլոր ցանկությունները հանուն, այսպես կոչված, խաղաղության»,- ասաց Ա. Թևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, խաղաղություն իրականում չի լինելու դրանով, թուրքական ախորժակը և ադրբեջանցիների նկրտումները ՀՀ տարածքի նկատմամբ մեծանալու են. «Չմոռանանք, որ Ալիևը խոսում է Սևանից, Զանգեզուրից ու Երևանից: Այս պարագայում, եթե դու դեմ չես արտահայտվում այդ հռչակագրին, կամ քո վերաբերմունքը ցույց չես տալիս, դա նաև վատ մեսիջ է մեր ռազմավարական դաշնակիցներին ու բարեկամներին, մասնավորապես Ռուսաստանին և Իրանին, որի դեմ է նաև ուղղված այդ հռչակագիրը:
Մենք այսօր գործ ունենք կոլաբորացիոնիստական իշխանության հետ, որը փաստացի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցաբար Հայաստանը տանում է նոր կապիտուլյացիայի: Ես ուզում եմ SOS հնչեցնել մեր քաղաքացիներին: Սա խայտառակության և ամոթի, Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու օր էր»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանի խորհրդարանում հնչել է քաղաքական մոտեցում, համաձայն որի ՀՀ իշխանությունները հրաժարվում են ՀՀ անկախության հռչակագրի նշված դրույթներից։
«Այսօր Հայաստանում վատ իմաստով պատմական խայտառակություն է տեղի ունեցել։ Պատկերացնո՞ւմ եք այն մեսիջը, որ այսօր խորհրդարանի մակարդակով, ի դեմս քաղաքական իշխանության մեծամասնության, տվեցինք ամբողջ աշխարհին»,- ասաց Ա. Թևանյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, «Հայաստան» խմբակցությունն այդ հայտարարությամբ ընդամենն ուզում էր Հայաստանին տեր կանգնելու պատրաստակամություն ցույց տալ, իսկ ՀՀ իշխանությունն ասաց, որ «մենք գնում ենք Թուրքիայի ճանապարհով, վիլայեթացման ճանապարհն ենք ընտրել»։
Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021-ի հունիսի15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Շուշի այցի ժամանակ։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ «կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն, ըստ էության, կողմ է «Շուշիի հռչակագրին», կողմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում. Աննա Գրիգորյան
- Եթե ՔՊ-ն որոշել է, որ ԱԺ-ն պետք է մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ, մենք այդպես չենք համարում. Մամիջանյան
- Այդպես էլ ասեք՝ ձեզ համար ընդունելի է «Շուշիի հռչակագիրը», վավերացրեք, վերջանա, գնա. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի Շուշիի հռչակագրի մասին
- ՔՊ-ն դեմ է, որ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն ընդունի «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ
- «Շուշիի հռչակագիրն»՝ ընդդեմ ՀՀ անկախության հռչակագրի․ Անդրանիկ Թևանյան
- «Շուշիի հռչակագրով» մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը. Թևանյան
- Էրդողանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
- «Շուշիի հռչակագիրն» ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի. Թևանյան
- Ըստ Շուշիի հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս. Անդրանիկ Թևանյան
- Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության «Շուշիի հռչակագիրը»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա