Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել են Հայաստան նաև մեզ ժողովրդավարություն ուսուցանելու նպատակով. Էդգար Ղազարյան
«Սա առաջին անգամը չէ, որ Իլհամ Ալիևի հանձնարարությունները կյանքի են կոչվում»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ հիշենելով, որ մեկ տարի առաջ Ալիևն ասել է, որ առանց տանկերի հասնելու են Երևան, իսկ այսօր արդեն Եվրանեսթի շրջանակներում Հայաստանում են ադրբեջանցի պատգամավորները:
Բանախոսը նաև հիշեցրեց, որ Ալիևը նաև հայտարարել էր, որ Արցախի պաշտպանության բանակը պետք է լուծարվի և 2022 թվականի ամռանը Արցախից կզորացրվեն վերջին զորակոչի զինծառայողները:
Տեղեկացնելով, որ Եվրանեսթի առաքելությունը եվրոպական ժողովրդավարական արժեքների տարածումն է Եվրոպայի Արևելյան գործընկերության երկրներում՝ Ղազարյանը ենթադրեց. «Այսինքն՝ ստացվում է, որ ադրբեջանցիները եկել են Հայաստան նաև մեզ ժողովրդավարություն ուսուցանելու նպատակով և նրանք եկել են եվրոպացի պաշտոնյաների հետ, որոնց շատ հարցեր ունենք տալու»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հայտնեց, որ այսօր՝ ժամը 17:30-ին, Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի բակում, կազմակերպելու են քաղաքացիական միջոցառում, որի ժամանակ ԵՄ ներկայացուցիչներին ուղղելու են հասարակությանը հետաքրքրող հարցեր:
«Մենք տեղեկություններ ունենք, որ այսօր, այդ ժամին Եվրանեսթի պատվիրակները ԵՄ դեսպանի նախաձառնությամբ հանդիպում են ունենալու, այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,-ասաց Ղազարյանը և տարօրինակ համարեց այդ հանդիպումը, քանի որ այդ մասին հրապարակային ծանուցում չի իրականացվել:
Բանախոսը տեղեկացրեց, որ գրավոր հարցում է ուղարկել ԵՄ պատվիրակությանը, որպեսզի պարզաբանեն, թե ինչ միջոցառում է կազմակերպվում:
«Մտավախություն ունեմ, որ այսօրվա հանդիպումը ՀԿ-ների փակ ակումբ է, որոնք կանոնավոր դրամաշնորհներ են ստանում ԵՄ-ից, կամ նրա այլ ծրագրերից»,-ասաց բանախոսը և շեշտելով, որ եթե պարզվի, որ հենց այդ կազմակերպություններն են մասնակցում հանդիպմանը, ապա այն չպետք է լիներ հենց Եվրամիության քարոզած շահերի բախման անընդունելի երևույթի տեսանկյունից, բացատրեց. «Եթե դու մի կազմակերպությունից ֆինանսավորում ես ստանում, արդեն իսկ կաշկանդվածություններ ունես այդ հանդիպմանը ներկայացնել տեսակետներ, որոնք կարող են տարբերվել հիմնական դոնորի տեսակետներից»:
Էդգար Ղազարյանը հայտնեց, որ Եվրամիության պաշտոնյաներից ցանկանում է պարզել, որ երբ ՀՀ ԱԺ վերջին ընտրությունները ժողովրդավարական էին գնահատում, արդյոք տեղյակ էին, որ այդ ընտրության օրը նշանակել է մի մարդ, որը հետագայում ընտրություններում մեծամասնություն պետք է կազմեր:
«Արդյո՞ք նրանք տեղյակ են, որ ՍԴ-ում, երբ վիճարկվում էր ընտրության արդյունքները, ոստիկանության և դատախազության ներկայացուցիչները պաշտոնապես հայտնել են, որ նախընտրական շրջանում բոլոր քրեական գործերով մեղադրյալ են եղել բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչենրը՝ պատգամավորի թեկանծուները, շտաբի պետերը, վստահված անձինք և շտաբի աշխատակիցները: ԵՄ ներկայացուցիչները տեղյա՞կ են, որ Գորիս համայնքում ավարտել են ՏԻՄ ընտրությունները, բայց այդ համայնքի ղեկակվարը չի կարողանում գնալ աշխատանքի, իսկ Փարաքարում միանգամից երեք թեկանծու են դարձել համայնքի ղեկավար»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան