ԱԺ անվտանգությունը ուժի գործադրմամբ դուրս է վռնդում լրագրողներին իրենց համար հատկացված տեղերից. Դոյդոյան
«Հայաստանում ձևավորված չէ արտադատական համակարգը, որին քաղաքացիները և լրագրողները կարողանան վստահել իրենց խախտված իրավունքների վերականգնման հարցը»,-Հանրային լրագրության ակումբում «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» կատարման ընթացքի գնահատման շրջանակներում հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:
Միջոցառումը կազմակերպվում է «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
Շուշան Դոյդոյանի խոսքով՝ տեղեկատվության ոլորտում լավագույն փորձը և եվրոպական ստանդարտն այն է, որ յուրաքանչյուր երկրում առկա լինի անկախ, անաչառ արտադատական մեխանիզմ, որն արագ և սեղմ ժամկետներում անվճար քննում է տեղեկատվության ազատության ոլորտում առկա վեճերը և տալիս արդար որոշումներ:
«Տեղեկատվությունը շատ արագ փչացող ապրանք է, և եթե այն չունես այսօր, երբ քեզ պետք է, ապա վաղն այն քեզ պետք չի լինելու: Այդպիսին է նաև ոլորտում ձևավորած դատական պրակտիկան»,- ասաց բանախոսը և տեղեկացրեց, որ տեղեկություն ստանալու իրավունքի շուրջ դատական վեճերը կարող են տևել տարիներ և երբ դիմող կազմակերպությունները, լրագրողները կամ քաղաքացիներն ի վերջո ստանում են տեղեկությունն, այն այլևս իրենց պետք չէ և ստացվում է, որ պարզապես սկզբունքի համար է դիմում և դատարանն էլ ընդամենն ամրագրում է, որ տեղի է ունեցել խախտում:
Ըստ Դոյդոյանի՝ արտադատական մարմինը կարող է լինել հանձնակատարը, կամ հանձնաժողովը և առաջին պայմանը պետք է լինի նրա անկախ լինելը:
Նկատելով, որ նման գործառույթ իր վրա կարող է վերցնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահը շեշտեց կառույցի հիմնական թերությունը՝ այն է՝ նրա որոշումները պարտադիր չեն կատարման համար, այլ խորհրդատվական բնույթ ունեն:
«Դեկտեմբերին ունեցել ենք ՄԻՊ որոշումը, որ տեղի է ունեցել վարչական մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքի խախտում, բայց այն որևէ կողմի համար որևէ իրավական հետևանք չի ունեցել՝ ոչ քաղաքապետարանն է ի գիտություն ընդունել և կատարել ՄԻՊ-ի որոշումը, ոչ էլ այն օգնել է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքը իրացվի կյանքում»,- տեղեկացրեց նա:
Շուշան Դոյդոյանը հայտնեց, որ դեռ 20 տարի առաջ, երբ քննարկման փուլում էր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որպես համահեղինակ իրենք առաջարկել էին, որ ստեղծվի տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանի ինստիտուտը, բայց մինչ օրս պատճառաբանվում է, որ Հայաստանը փոքր է և չունի համապատասխան միջոցներ այդ ինստիտուտը ստեղծելու և պահպանելու համար:
Ըստ նրա՝ Հայաստանում կարող է կիրառվել բրիտանական մոդելը, որտեղ տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության հարցերը քննվում և դիտարկվում են մեկ լիազոր մարմնի՝ Տեղեկատվության ազատության հանձնակատարի լիազորության շրջանակներում:
Անդրադառնալով պետական մարմինների գործունեությանը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահն ասաց, որ կան կառուցներ, որոնք ժամանակին են պատասխանում քաղաքացիների և լրագրողների հարցերին, բայց նաև կան կառույցներ, որոնք փնթի են, և անորոշ, լղոզված պատասխանները նրանց մոտ գերակայում են:
«Երբ քաղաքացին չի ստանում հայցված տեղեկատվությունը, կամ այն ստանում է ժամկետանց ու լղոզված՝ չգիտի ինչ անել»,- ասաց Դոյդոյանը և տեղեկացրեց, որ դիմողն այդ դեպքում կարող է վարչական բողոքարկման անցնել, բայց այն անարդյունավետ է, որովհետև մարմնի ղեկավարը, որպես կանոն, ուժի մեջ է թողնում իր ստորադասի որոշումը և դրանից հետո միակ եղանակը մնում են դատարանները, որոնք թանկ են, երկարաժամկետ և փաստացի չեն նպաստում խախտված իրավունքների վերականգնմանը:
Նրա խոսքով՝ իր ՀԿ-ի կազմակերպած «Ժանգոտ կողպեք» անվանակարգի հասարակական պարսավանքի մեխանիզմը լավ ազդեցություն է ունենում, և պետական մարմինները որոշ դեպքերում շտկում են իրենց գործելաոճը, բայց կան կառույցներ, որոնք դիմադրում են և այն վատ է անդրադառնում նրանց աշխատանքի վրա:
«Համաշխարհային և տեղական փորձը վկայում է այն մասին, որ կառույցը չի կարող իր առաջ դրված ռազմավարական խնդիրները լուծել, եթե թափանցիկության և հաշվետվողականության ոլորտում թերանում է: Բարձր հաշվետվողականությունը վկայում է, որ պետական մարմնում ամեն ինչ կարգին է, մեխանիզմն աշխատում է, իսկ եթե փորձում են ինչ-որ բան թաքցնել, խուսափել հասարակության հսկող աչքից, ապա այն նշանակում է, որ ինչ-որ բան կառույցում այն չէ»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով վերջին երեք տարիներին ոլորտում գերակայող գործընթացներին՝ Շուշան Դոյդոյանն ասաց. «Թվում էր, թե հետհեղափոխական Հայաստանում պետք է դրական միջավայր ձևավորվեր տեղեկատվության ազատության հարցում, բայց, նաև օբյեկտիվ պատճառներով՝ համավարակ, պատերազմ և խիստ լարված արտաքին և ներքին քաղաքական ճնշումներ, նպաստեցին, որպեսզի այս անհանգստացնող երևույթները խորանան: Վերջին 1-2 տարիներին Հայաստանում աննախադեպ բացասական օրենսդրական և իրավական կարգավորումներ են ընդունվել և՛ կառավարության, և՛ ԱԺ-ի կողմից, որոնց մի մասը կյանքի կոչվեցին»:
Դոյդոյանի խոսքով՝ հասարակությունը պրակտիկայում տեսավ աննախադեպ սահմանափակումներ:
«ԱԺ-ում կիրառվում է լրագրողների ֆիզիկական մատչելիության սահմանափակում, անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ուժի գործադրմամբ դուրս են վռնդում լրագրողներին իրենց համար հատուկ հատկացված տեղերից»,- հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահը:
Շուշան Դոյդոյանը նաև պնդեց, որ զրպարտության դեմ գործող քրեական պատասխանատվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում առոչինչ պետք է համարվի, որը խայտառակություն է, և այդ խնդիրը հաղթահարվել էր դեռ 12 տարի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան