Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։
Բացի այդ, նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։
Բանակցությունների արդյունքով կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»,- ասվում է հայտարարության մեջ։