Մեր երեխաները սովորում են 12 տարի, բայց կրթական արդյունքը հավասար է 8.3 տարվա. Ժաննա Անդրեասյան
«Ըստ էության մենք մեկ միասնական կառուցվածք ենք որդեգրել բոլոր կրթական մակարդակների համար, որի համաձայն կրթության զարգացման պետական ծրագիրը պետք է անդրադառնա թե՛ ենթակառուցվածքներին, թե՛ կրթական բովանդակությանը, թե՛ դասավանդողներին, և կրթական ոլորտում ներգրավված մարդկային ռեսուրսներին, ինչպես նաև՝ կառավարման ձևերին, որոնք պետք է նպաստեն զարգացման քաղաքականությանը»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման ծրագրի նախագծի հանրակրթության ոլորտը:
Նրա խոսքով, նախադպրոցական կրթության ոլորտում ծրագրով սահմանված է՝ մինչև 2030 թվականը պետք է հասնել նրան, որ բոլոր բնակավայրերում հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի լինի օգտվել այդ ծառայությունից:
«Մեր թիրախն է՝ ապահովենք, որ դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայությունում և այն կնպաստի դպրոցում արդյունավետ ներգրավմանը»,- հայտնեց փոխնախարարը և հավելեց. «Հստակ թիրախ է արձանագրված, որ 3-5 տարեկան երեխաների 95%-ը ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայություններում, հիշեցնեմ, որ կառավարության ծրագրով 2026 թվականի համար թիրախ է սահմանված 85% ընդգրկվածությունը»:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ հատուկ ուշադրություն են դարձնելու մսուրի ծառայություններին և հասնելու են նրան, որ բոլոր համայնքներում ապահովվի նման ծառայություններ:
«Հանրակրթության ոլորտում հասնելու ենք նրան, որ ոչ մի երեխա դուրս չմնա պարտադիր կրթության համակարգից: Մյուս կողմից ուսումնառության արդյունքներ-ուսումնառության տևողություն հարաբերակցությունն այս տարի մեր մոտ 8.3 տարի է՝ ըստ Համաշխարհային բանկի չափումների, ինչը նշանակում է, որ մեր երեխաները սովորում են 12 տարի, բայց կրթական արդյունքը հավասար է 8.3 տարվա և մեր ռազմավարական հիմնական նպատակն այդ ցուցանիշը 2030 թվականին հասցնենք 11.5 տարվա»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:
Նրա խոսքով՝ մինչև 2030թ. դպրոցներն էլ համալրված են լինելու որակյալ մանկավարժներով, որոնք կստանան բարձր աշխատավարձ:
«Կառավարության ծրագրով սահմանված է, որ 2026 թվականի ավարտին ունենանք առնվազն 300 դպրոց՝ հիմնանորոգված, վերակառուցված, վերանորոգված, որոնք կունենան արդիական ենթակառուցվածքներ ու պայմաններ: Ինչպես նաև նախատեսված է, որ բոլոր դպրոցներն ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտ լաբորատորիաները»,- ասաց Անդրեասյանը և շեշտեց. «Որակական ցուցանիշներ ունենք սահմանված հայոց լեզվի և պատմության, հայ և համաշխարհային գրականության, հոգևոր-էթիկական արժեքների, առողջ ապրելակերպի, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզուների առումով բավարար գիտելիքներ ունենալու մասով»: