Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի եւ Ջոել Ֆիթսգիբբոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը եւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը:
Ողջունելով՝ Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար՝ նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր՝ զարգացնելու եղած կապերը՝ նոր որակ հաղորդելով դրանց:
Նշելով, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ փորձությունների միջով է անցել, ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ՝ այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, եւ Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նոր ցեղասպանությունների կանխման համար»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը՝ այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու սկսված գործընթացին:
«Դաշնակցությունը մեծ վերապահումով է մոտենում այդ հարցին, քանի որ մենք դեմ ենք նախապայմաններով դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, իսկ Թուրքիայի կողմից միշտ եղել են նախապայմաններ: Դրա վկայությունն է նաև Շուշիի հռչակագրի ընդունումը իրենց խորհրդարանների կողմից»,-նշել է Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծել է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան