Կրթությունը պետք է հիմնված լինի նաև ազգային արժեքների վրա. Վահրամ Դումանյան
«Այս փաստաթուղթը 2015 թ-ից կարծես թե չունեինք, ինչի կարիքը մենք ունեինք և վերջապես արել ենք քայլը և ներկայացրել ենք մեր առաջարկը հանրությանը»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման ծրագրի նախագծի հիմնական առաջնահերթությունները և ռազմավարական ուղղությունները:
Նախարարը տեղեկացրեց, որ պետական ծրագրի նախագիծը դրված է հանրային քննարկման և խոստացավ, որ արժեքավոր առաջարկները հաշվի կառնվեն ծրագրի վերջնական տարբերակում:
Դումանյանի խոսքով՝ ներկայացված ռազմավարությունը համահունչ է ՀՀ կառավարության ծրագրին, ինչպես նաև մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարությանը:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ ռազմավարության հիմքում դրված է երկու հիմնական նպատակ, առաջին՝ յուրաքանչյուր ոք ունի որոշակի տաղանդ և կրթության խնդիրն այն բացահայտելն է, որպեսզի յուրաքանչյուրը լիարժեք կարողանա ինքնադրսևորվել:
«Երկրորդ նպատակն այն է, որ բոլոր էտապներում կրթությունը լինի որակյալ, մրցունակ, հիմնված լինի նաև ազգային արժեքների վրա և, իհարկե, որպեսզի այդ ամենը նպաստի մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և առաջընթացին»,- հայտարարեց Վահրամ Դումանյանը: