Ռուսաստանին աջակցելու հերթը Հայաստանին է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը` ըստ էության սկիզբ դնելով աշխարհի քաղաքական նոր քարտեզի գծագրմանը:
Առավել քան ճիշտ ժամանակն է, որ կատարվածին իր գնահատականը տա նաև Հայաստանի իշխանությունը` ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը, որով Ռուսաստանը փաստացի կանխեց մարդկության պատմության մեջ հերթական գենոցիդի իրականացման փորձը` ողբերգական իրադարձություն, որը հայի հավաքական գիտակցության մեջ ամրագրված է 1915 թվականի դաժան եղելությամբ, 20-րդ դարավերջին Բաքվի ու Սումգայիթի արյունահեղություններով: Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացման ճանաչմամբ Հայաստանի իշխանությունները ևս մեկ փաստարկ կունենան Արցախի ինքնորոշման իրավունքի հիմնախնդրի լուծմանը գործում:
Որևէ մեկը չպիտի մոռանա, որ առնվազն վերջին երեք հարյուր տարում Ռուսաստանը եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմական, քաղաքական բնական դաշնակիցը, առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի գոյաբանական հարցերում: Սա ևս մեկ անգամ հաստատվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի անձնական ջանքերով կանխվեց Արցախի վերջնական գրավումն ու հայաթափումը, Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի կողմից շատ ավելի լայն ծավալներով ներխուժումը` հանգեցնելով լիարժեք կապիտուլյացիայի:
Մենք բարոյապես պարտավորված ենք կանգնելու Ռուսաստանի ու ռուս ժողովրդի կողքին, ու սա բնավ էլ ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ, քանի որ այս իրավիճակը ստեղծվել է Ուկրաինայի իշխանությունների հակառուսական, ազգայնական քաղաքականության արդյունքում:
Պատահական չէ, որ Ուկրաինայի շահերը պաշտպանում են նույն աշխարհաքաղաքական կենտրոններից ղեկավարվող Թուրքիան, նրա մերձավոր արբանյակ Ադրբեջանը, որոնք Ռուսաստանը թուլացնելու, կազմաքանդելու նպատակն են հետապնդում:
Հետաքրքիր նմանություն կա Ուկրաինայի ու Հայաստանի գործող իշխանությունների միջև, քանի որ առանց ազգային շահը, իրենց քաղաքացիների գերակշիռ մասի կարծիքը հաշվի առնելու, երկուսն էլ վարում են Թուրքիայի հետ ինտեգրվելու քաղաքականություն: Սա ազգակործան, երկրակործան քայլ է, որին բոլոր հնարավոր միջոցներով դիմակայելու ենք նաև մենք` ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաներս:
Ռուսաստանը ևս պետք է զգուշավորություն դրսևորի Թուրքիայի հետ հարաբերություններում, մշտապես հաշվի առնի, որ թուրանական գաղափարի իրագործումը գերազանցապես կառուցված է ռուսական ազդեցության երկրների ու բուն ռուսական տարածքների նվաճման հեռանկարով:
Նկատի ունենալով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի, Սիրիայում ու Հայաստանում ռուս օդաչուների սպանությունների փաստերը` առանձնակի զգուշավորություն պետք է դրսևորել, եթե Էրդողանի հրավերով կայանա Պուտինի այցը Թուրքիա, քանի որ Ռուսաստանի թշնամիների համար կարող է գործել «Չկա մարդ, չկա պրոբլեմ» մոտեցումը:
Այսպիսով ժամանակն է հստակեցնելու, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները և որն է Հայաստանի իրական քաղաքական ուղղվածությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին