ԱԺ հանձնաժողովը մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրված Անժելա Նալբանդյանի թեկնածությունը
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար Անժելա Նալբանդյանի թեկնածության հարցը։ Նրա թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վստահություն հայտնեց, որ Անժելա Նալբանդյանը շատ անաչառ աշխատանք կիրականացնի, նա բավականին փորձառու մասնագետ է իր ոլորտում։
Անժելա Նալբանդյանն ասաց, որ առկա խնդիրների լուծման ճանապարհին, ուսումնասիրելով միջազգային փորձն, ակնհայտ երևում է, որ որակյալ, բովանդակալից եթեր ունենալու, միաժամանակ խմբագրական քաղաքականությանը չմիջամտելու ու խոսքի ազատությունը չսահմանափակելու մեթոդաբանության գործարկմամբ հնարավոր կլինի հասնել մասնագիտական խմբերի, շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավածության, երկարատև աշխատանքի, բարեփոխումների մի ամբողջական համալիր միջոցառումների շնորհիվ։
«Սա նշանակում է, որ հետևողական և տևական աշխատանքի արդյունքում քայլ առ քայլ կմոտենանք այն բանին, որ կունենանք եթերի որակական չափանիշների հնարավոր չափելիության սանդղակ և միայն այդ պարագայում կկարողանանք ակնկալել կրթական, բարոյական, մշակութային, հուզական, լեզվական և այդ չափանիշների բարձր մակարդակին համապատասխանող հեռուստա և ռադիո եթեր»,- ասաց ՀՌՀ անդամի թեկնածուն։
Ըստ նրա, Հանրային հեռուստառադիոընկերությունը պիտի լինի այն լոկոմոտիվը, որն իր հետևից պիտի տանի մնացած մեդիա հարթակներին՝ պրակտիկորեն ցույց տալով, որ որակյալը ևս կարող է լինել պահանջված։
Ա.Նալբադյանը նաև ասաց, որ իր սոցիալական հարթակում արտահայտել է իր կարծիքն ու դիրքորոշումը, բայց դա իր մասնագիտական գործունեության վրա որևէ անդրադարձ չի ունեցել։
Նրան հարցեր ուղղեցին հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, այնուհետև «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ասաց. «Մեր թեկնածուին մեղադրեցիք դատական ինչ որ վճիռ չունենալու մեջ և դա, ըստ էության, «ճակատագրական» դեր պետք է ունենա այն պարագայում, երբ որ ՔՊ թեկնածու Արթուր Մանուկյանն իմ այն հարցին, թե ինչպես եք պատկերացնում ձեր գործառույթները ՀՌՀ-ում, ասաց, որ առհասարակ ծանոթ չէ օրենքին, հետագայում, երբ գնա աշխատանքի, ընկերներից կհարցնի, կիմանա։ Նույնիսկ չասաց, որ կկարդա։ Դա ձեզ բոլորովին վարանման, տարակուսանքի դաշտ չտարավ, և դուք միաձայն քվեարկեցիք նրա թեկնածության օգտին»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ՔՊ-ականները շարունակ կրկնակի ստանդարտների մեջ են. «Դրդում եք, որ շարունակ հիշեցնեմ` չի կարելի հետևել երկակի ստանդարտներին»։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար Անժելա Նալբանդյանի թեկնածության հարցը դրվեց քվեարկության։ Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին։ Որոշումը չընդունվեց։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ՔՊ խմբակցությունը ՀՌՀ անդամ ընտրեց Հակոբ Մովսեսին և Արթուր Մանուկյանին
- Ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացեք, ես էլ այնտեղ ցավի ցուցադրության պոզաներ չպետք է ընդունեմ.ՀՌՀ թեկնածու Արթուր Մանուկյան
- ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանն իրեն համեստ մարդ է համարում և չպատասխանեց Լիլիթ Գալստյանի հարցին
- Ով ուզում է զբաղվի մեդիա խուլիգանությամբ, անընդունելի է. ՀՌՀ անդամի թեկնածու Հակոբ Մովսես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան