ՀՖՖ-ն հայտարարում է ՈւԵՖԱ-ի մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈւԵՖԱ-ի Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և ս․թ․ փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը:
Դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 6 մոդուլներից, յուրաքանչյուր մոդուլը կտևի 3 օր: Դասընթացի առաջին մոդուլը կանցկացվի այս տարվա մարտի 28-ից 30-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Դասընթացին կարող է մասնակցել 24 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով` ուսանողների ընտրությունը կիրականացվի տեսական և գործնական քննությունների միջոցով:
Նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 24 մասնակիցներին: Հավասար միավորների դեպքում` հաշվի կառնվեն հայտում նշված հավելյալ հմտությունները (աշխատանքային փորձ, ֆուտբոլային փորձ, մասնագիտական կրթություն և այլն):
Տեսական և գործնական քննությունները տեղի կունենան մարտի 18-ին: