Հրապարակվել է «Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը
«2019թ. մենք սկսեցինք հավաքել նյութեր մեր նոր նախագծի համար, մասնավորապես՝ հարցազրույցներ էինք վերցոնւմ խորհրդային տարիների ծրագրավորողներից, մաթեմատիկական և հաշվողական մեքենաների ինժեներներից և միանգամից պարզ դարձավ, որ մշակումների ահռելի մասն անցկացվել էր Երևանում»,- «Արմենպրեսի» մամուլի ակումբում հայտնեց «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի համահեղինակ Ալեքսեյ Պոմիգալովը:
Նա տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է կապ հաստատել Արսեն Բաղդասարյանի հետ, որը համաձայնել է կազմակերպել 10-ից ավելի հայ ինժեներների հետ հանդիպումները և հարցազրույցները:
Պոմիգալովի խոսքով՝ հարցազրույցներից հետո ինքը և իր թիմի մուս անդամները՝ Ալեքսանդր Անդրեևը, Իլյա Կորոբովը հասկացել են, թե ինչ ցնցող մշակույթի և ինտելեկտի տեր մասնագետներ են ներգրավված եղել Մերգելյան ինստիտուտում:
Ըստ բանախոսի՝ ծրագրի նպատակն է եղել ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական զարգացումները՝ սկսած խորհրդային ժամանակներից:
Ալեքսանդր Անդրեևը հայտնեց, որ երբ առարկայորեն սկսել են ուսումնասիրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, իրենց զարմացրել է այն, թե ինչպիսի մշակութային միջավայր էր տիրում, ինչ մշակութային վերափոխումներ էին տեղի ունենում Հայաստանում:
«Ահա այդ միջավայրում ազատամիտ մթնոլորտ էր ձևավորվել, ինչը նպաստում էր նաև այս ոլորտի զարգացմանը»,- ասաց նա՝ նկատելով, որ տեխնոլոգիական այդ վերելքն ի վերջո հանգեցրել է նրան, որ Հայաստանում ստեղծվել են էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, որոնք կիրառվել և մեծ հանրաճանաչություն են ձեռք բերել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Արևելյան Եվրոպայում:
Բանախոսները տեղեկացրին, որ նախագծի հաջորդ փուլը եղել է «Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի հրատարակումը, որն օրերս ներկայացվեց Երևանում՝ նաև վիրտուալ եղանակով:
«Այն միայն մաթեմատիկական մեքենաների մասին չէ, այլ այդ ժամանակաշրջանի ամբողջ մշակույթի մասին է, այն մարդկանց, որոնք մեծ գործ են արել տեխնոլոգիական ոլորտում: Այդ մարդիկ ներկայացվում են ոչ միայն որպես մասնագետ, այլև իրենց նախասիրություններով, էմոցիաներով: Նույնիսկ խոսվում է այն մասին, թե ինչ ֆիլմ են սիրել դիտել, ինչ սրճարաններ են հաճախել»,-ասաց «DataArt Armenia»-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանը:
Իլյա Կորոբովը հայտնեց, որ կազմակերպած վիրտուալ ցուցահանդեսը և գիրքը մեծ արձագանք է ստացել և շատերը մոտեցել են ու առաջարկում էին նոր նյութեր տրամադրել:
Բանախոսները հայտնեցին, որ գիրքը ներկայացված է հայերենով, ռուսերենով և ակնկալում են, որ առաջիկայում կլինի անգլերեն տարբերակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան