Սոցհարցում․Թուրքիայում ընդդիմադիր «Ազգ» դաշինքը վարկանիշով գերազանցում է իշխող «Ժողովրդական» դաշինքին
Ստամբուլի տնտեսական հետազոտությունների միությունը հրապարակել է Թուրքիայում ընտրողների շրջանում քաղաքական կուսակցությունների վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Ուսումնասիրությանը մասնակցած 1500 քաղաքացու տրվել է այս հարցը․ «Եթե այս կիրակի օրն ընտրություն լինի, ու՞մ կտաք ձեր քվեն»։
Հարցվածների 25․6 տոկոսը պատասխանել է, որ ձայն կտա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), իսկ 22 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP)։ Մերալ Աքշեների գլխավորած «Լավ» կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածների 10․3 տոկոսը, Դևլեթ Բահչելիի առաջնորդած «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP)՝ 6․5 տոկոսը, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)՝ 9․8 տոկոսը։
Այսպես, ԺՀԿ-ից և «Լավ» կուսակցությունից կազմված ընդդիմադիր «Ազգ» դաշինքը 32․3 տոկոս վարկանիշով գերազանցել է ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի՝ իշխող «Ժողովրդական» դաշինքին։
Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ, իշխանության աջակցությունը կազմել է 41 տոկոս, իսկ ընդդիմությանը՝ 59 տոկոս։
Հատկանշական է նաև, որ այս հարցման մասնակցածների 12․4 տոկոսը նշել է, որ առհասարակ չի մասնակցի քվեարկությանը։ Ընդ որում, այդ խմբում մեծամասամբ եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի ընտրողները։
«Եթե այսպես շարունակվի 2023 թվականի ընտրություններում ԱԶԿ-ի ամենամեծ խնդիրը կլինի ընտրողին տանից դուրս բերելը»,-նշել է զեկույցի համակարգող Ջան Սելչուքին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները