Եկեղեցին այսօր տոնախմբել է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնախմբել է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ։
Մայր Աթոռից հայտնում են, որ սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի տարբեր թեմերից ու Արցախից Սուրբ Էջմիածնում համախմբված 233 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը։
Տեր Հայրն իր քարոզում անդրադարձել է օրվա խորհրդին և ընդգծելով Սրբոց Ղևոնդյաց սխրանքը՝ ի մասնավորի նշել. «Այսօր մեր հայացքները կրկին ուղղված են դեպի մեր քաջարի նախնիները, որոնց մտքում դաջված էր Ավետարանի այն խոսքը, որն ասում է․ «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ» (Մատթ․10․32), և այս խոսքերը ձուլվել էին նրանց սրտերում բաբախող մեծ ու աննկուն հավատքի հետ։
Այսօր էլ մենք նույն պայքարն ենք մղում մեր պետականության և հավատքի համար, ինչպես մեր հայրերը։ Եվ ընդամենը երկու տարի առաջ մեր երիտասարդները ցույց տվեցին, որ նրանք արժանի հետնորդներն են Վարդանանց նահատակների, իսկ նրանց կողքին Սուրբ Ղևոնդ երեցի օրինակով կանգնած էին մեր գնդերեց տղաներն ու հայ հոգևորականները, ովքեր մի ձեռքին զենք, մյուսին խաչ պաշտպանում էին մեզ բոլորիս»։
Այնուհետև տեղի է ունեցել ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվել է ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։
Ավագ քահանայության պատվի արժանացան Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Վարուժան քահանա Տերտերյանը և Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ. Վահան քահանա Ազարյանը։
Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում սպասավորող Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանին, Տ. Սիփան քահանա Գրիգորյանին, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունից Արժանապատիվ Տ. Մանուկ քահանա Զեյնալյանին, Արթիկի թեմից Տ. Սողոմոն քահանա Մինասյանին, Կոտայքի թեմից Տ. Շահան քահանա Միրզոյանին և Տ. Ժիրայր քահանա Խաչատրյանին։
Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանը, Տ. Հայասա քահանա Ղարագյոզյանը և Տ. Արմեն քահանա Կիրակոսյանը, Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Շահվերդյանը և Տ. Մասիս քահանա Առաքելյանը, Արցախի թեմից Տ. Մխիթար քահանա Հարոյանը, Մասյացոտնի թեմից Տ. Տիրան քահանա Նահապետյանը, Սյունյաց թեմից Տ. Խաչատուր քահանա Հայրապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան