Ընդդարմությունն ու ի՛ խանությունը
Կարծես թե, Էրդոխանը չի մեռնում՝ պատրաստվում է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Նա կլինի «Ժողովրդի դաշինք»-ի թեկնածուն, իսկ նախագահական ընտրությունները քթի տակ են՝ 2023 թվականին։ Այնինչ որքան մարդ էր հույսը դրել Էրդողանի հիվանդ լինելու լուրերի ճիշտ լինելուն, չէ՞։
Էրդողանը մեռնի, ադրբեջանը խելքի գա, նիկոլը հանկարծ սիրտ ու հայասիրություն ձեռք բերի, Աստված պատժի, ... մենք՝ մեր տներում մնանք։
Այն, ինչ կատարվեց Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հետ, հայերը փորձում են հասկանալ Ուկրանիա-Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում՝ կողքից։ Բայց մի բան է, երբ Ռուսաստանը միջնորդ է Պատերազմ ու խաղաղությունում և Հայաստանի իշխանությունները ձգտում են ի խանություն, ուրիշ բան է, երբ ինքն է լինելու կամ չլինելու պատերազմող կողմ։ Ռուսաստանի՝ Դոնբասի ու Լուգանսկի ինքնիշխանության ճանաչումը այս առումով ամենևին զարմանալի չէ՝ առիթ էր պետք ու Ուկրաինան Եվրոպայի հետ տվեց այդ առիթը։
Արցախի Հանրապետության ճանաչումը նույն կերպ չի կարող լինել՝ Արցախի ղեկավարությունը նույնիսկ վախենում է Հանրապետություն բառը օգտագործել, էլ ինչ անկախություն։
... ՔՊ-ն դիմավորում է ադրբեջանցի պատգամավորների՝ երանության մեջ են։ Գույժը ուրախությամբ հայտնեց ՔՊ-ական Մարինա Կարապետյանը։ Թրքությունը սողոսկում է Հայաստան իբր ի պաշտոնե, բայց իրականում՝ նիկոլականների վաղեմի երազանքով։ Նրանց՝ խանության մաս լինելու ծարավը հագուրդ տալու համար որքան հայորդիների ու Հայաստանի որդիների արյուն թափվեց, որքան հայրենասերներ չպատկերացրեցին ու չեն պատկերացնում այն ստորության աստիճանը, որով գնում է Հայաստանը ի՛ խանություն։
... Տանը նստած Հայաստան-Ռուսաստան ենք նույնացնում։ Բայց դրա համար Հայաստանը պուտինանման ղեկավար պիտի ունենար՝ թեկուզ էլի աթոռին կպած, բայց երկրից խազ չտվող ուրիշին։ Պուտինը մինչ Էրդողանին հանդիպելը, որ Հայաստան-Արցախի նկատմամբ իր հաղթանակից հետո ավելի է լկտիացել, գնաց Չինաստան ու բոլոր դիվանագիտական հմտությունները օգտագործեց, որ Չինաստանը ընդդիմանա Թուրքիայի՝ դեպի Ասիա տարածմանը։ Թուրքիայի՝ որովհետև ԱՄՆ-ն զգուշությունից, թե այլ, միայն իրեն հայտնի, նպատակներից, իր դերը զիջել է Թուրքիային այս մայր ցամաքում։
Ռուսաստանը ի դեմս Չինաստանի եթե ոչ դաշնակից, ապա գոնե Արևմուտքին ընդդիմադիր ունեցավ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Չինաստանն առաջին անգամ միացել է դաշինքը չընդլայնելու Ռուսաստանի Դաշնության կոչին»։
Ապահովելով թիկունքը, Պուտինը հանդիպեց Մակրոնին. Ճիշտն ասած այս հանդիպումից հիշողությանս մեջ մնաց միայն Մակրոնի ծիծաղելի կարմիր բարձրախոսը ու հիացմունքը, որ Պուտինը դիմացավ ու չծիծաղեց։ Նույնիսկ եթե դա մեմ էր ընդամենը։ Երևի այսքանը հերիք էր։ Ընդհանուր՝ խոսքը այն մասին էր, որ Մոսկան ու Փարիզը անում են ամեն ինչ եվրոպական անվտանգությունը պահպանելու, թե պաշտպանելու համար։
... Իսկ այս ընթացքում Թուրքիան կանգնեց Ուկրաինայի թիկունքին, ավելին՝ բացի խաղաղապահներ ուղարկելուց հայտարարություններ արեց՝ ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը։ Սա դեռ ոչինչ, ի վերջո Լուգանսկն ու Դոնբասը իբր ինքնուրույն են անկախացել Ուկրաինայից, սրանից ՌԴ-ին հարված չկար։ Բայց Էրդողանը իր մտադրություններն ավելի բացահայտելու համար առաջ անցավ. «Մենք չենք ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը»: Չմոռացավ նաև Ղրիմի թաթարների հետ «հարազատությունը» նշել։
Ու ինչ է անելու Մոսկվան այս իրավիճակում, Մոսկվան, որ իր երկրից մի ծեղ անգամ չի զիջի ոչ մեկին։ Կպատերազմի՞, թե կկտրի այն թելերը, որոնք առանց այն էլ բարակ են։
Պուտինը պատրաստվում է հանդիպել Էրդողանի հետ։ Ինչ ստարտային իրավիճակ ունեն նրանք՝ սա՛ պիտի հայաստանյան դիվանագիտությանը հետաքրքրի։
Արդյոք Էրդողանը Ուկրաինային չաջակցելը կվաճառի Հայաստան-Արցախ նոր ոտնձգությունների իրավունքի ձեռքբերմամբ, թե՞ ավելին է նրա ծրագրերը դեպի Եվրոպա։
Արդյո՞ք Պուտին-Ալիև հանդիպումը ինչ-ինչ պայմանավորվածությունների սկիզբ կդնի:
Ի՞նչ են խոսել երեկ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազանգով։ Եթե իրոք սա՝ «Երկուստեք կարևորվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները. կարևորվել է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերը», ապա Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունում կրկին մենք ենք կորցնում։
Եթե Դոնբասի ու Լուգանսկի հարցում Պուտինը սկզբունքայնություն է ցուցաբերում, ապա Հայաստան-Արցախ հարցում առաջ է տարվում թրքակական գիծը՝ սահմանազատում, տնտեսական կապեր...։
Հիմա հարց՝ ինչ է անում հայաստանյան ընդդիմությունը։ Ոչինչ։ Ընդարմության մեջ է։ Ինչպես ընդարմության մեջ գցեց հասարակությանը՝ մտնելով ԱԺ, խոստանալով այնտեղից հրաշքներ գործել։
Ամոթալի քայլ էր։
Մարդկանց մի մասը, որ արդեն պատրաստ էր հավատալ ընդդիմության քայլերին, նրա՝ ԱԺ մուտքից հետո մնաց բերանը բաց՝ եթե ընդդիմությունն է նիկոլականների հետ նույն տանիքի հետ նստում, քաջ իմանալով, որ իր քանակով ոչ մի բան չի որոշելու, ապա էլ ինչին հավատան իրենք։
Մարդկանց մյուս մասը, որ ոտքի էր, մնաց առանց քաղաքական առաջնորդ։
ԱԺ մտնելով ու իր ամբիցիաներին հավատալով հայաստանյան ընդդիմությունը հանրության մի մասին ենթագիտակցաբար սին հույսեր տվեց, թե կարող են և հարցեր լուծել, մյուս մասին՝ ընդհանրապես կտրեց հույսից. երկուսն էլ ընկան ընդդարմության մեջ, չիմանալով հետագա քայլերը։
Միակ սթափեցնող ու ճիշտ ուղին՝ ընդդիմությունը միահամուռ վայր դնի իր մանդատը ու դուրս գա ԱԺ-ից՝ նոր ընտրություններ գեներալացնելով։
Ընդդիմությունը ասում է՝ պիտի սպասել լավ ժամանակների, մինչև հաստատ իմանանք, որ քանակ կհավաքենք, բա որ նոր ընտրություններում էլի ՔՊ-ն հաղթի՞։
Գրողը տանի, կհաղթի, վերցրեք մանդատները ու հետո էլի վայր դրեք։ Այնքան, մինչև։ Քաղաքական սաբոտաժ արեք, մի բան արեք...։
Նույնիսկ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունում մենք Հայաստան ու Արցախ ենք կորցնում: ԲԱՆ ԱՐԵՔ։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին