Գլոբալ պարենային ճգնաժամ՝ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում
Ուկրաինան համաշխարհային պարենային անվտանգության կարևոր խաղացող է, սակայն ռուսական ռազմական ներխուժման և Սև ծովում ռազմածովային ուժերի տեղակայման հնարավորությունը սպառնում է խաթարել ուկրաինական հացահատիկի արտահանումը, ինչը կարող է ազդել համաշխարհային մատակարարումների վրա: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:
Ըստ Observatory of Economic Complexity հաստատության՝ Ուկրաինային բաժին է ընկած հացահատիկի համաշխարհային մատակարարման ավելի քան վեց տոկոսը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պարագայում, ըստ սննդի հարցերով վերլուծաբան Ալեքս Սմիթի, այսմատակարարումը կարող է խափանվել: Նա շեշտում է, որ ուկրաինական ցորենից ամենից կախված երկրներից է Լիբանանը. 2020 թվականին երկրի ցորենի ընդհանուր սպառման մոտ 50%-ը բաժին էր հասնոմ Ուկրաինային: Զգալի թիվ է նաև Լիբիայի ու Եմենի սպառումը: Բոլոր երեքն էլ վերջին շրջանում զինված հակամարտության շրջան են վերապրում, որի արդյունքում պարենային ապրանքներն ունեն բարձր գներ, իսկ իրենք առնչվում են պարենային անապահովության հետ»։
Եթե այժմ հացահատիկի մատակարարման խափանումներ լինեն, ապա դա ցնցում կառաջացնի համաշխարհային շուկաներում, ասում են փորձագետները:
Ըստ Spectrum Commodities հաստատության փորձագետ Լուիզ Գարտների՝ խնդիր կծագի, եթե խաթարվի ներկրումը Չինաստան կամ այլ խոշոր ներկրողներին:
Այսօր Հարավային Ամերիկայում շարունակվող երաշտի պայմաններում աշխարհն ավելի շատ է կախված այլընտրանքային աղբյուրներից, օրինակ՝ ուկրաինական ցորենից:
Լուիզ Գարտներ նշում է, որ հաջորդ մի քանի ամիսներին աշխարհն առերեսվում է արդեն եգիպտացորենի և ցորենի մատակարարման դժվարություններին, և եթե դադարեցվի կամ խաթարվի հացահատիկի հոսքը խոշոր տարածաշրջաններ, ապա դա հսկայական ազդեցություն կունենա և կտրուկ կբարձրացնի գները։
Պարենային ապրանքների վերլուծաբան Սմիթն էլ կարծում է, որ ուկրաինական հացահատիկի մատակարարման խախտումը կարող է օգուտ բերել Ռուսաստանին, քանի որ Չինաստանի նման երկրները կարող են դիմել Ռուսաստանին հացահատիկ ստանալու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը վերջերս համաձայնագիր են ստորագրել, որով Չինաստանը համաձայնել է թույլատրել ցորենի և գարու ներկրումը Ռուսաստանի բոլոր շրջաններից։
Վերլուծաբանները հուսով են, որ հնարավոր կլինի խուսափել հացահատիկի մատակարարումների խափանումից, այլապես պարենային ճգնաժամը կարող է իրականություն դառնալ ողջ աշխարհում:
Հոդվածը պատրաստվել է Օքսանա Բեդրատենկոյի ու Աննա Ռայսի նյութի հիման վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան