Հիսուս Քրիստոսի արձանի ավելի քան 200 նախագիծ է ստացվել
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար հայտարարված մրցույթը նոր թափ է ստանում։ Փետրվարի 20-ին ժամը 20-ին խորհրդի կազմին են ներկայացվել փրկչի արձանի բոլոր նախագծերը՝ 200-ից ավելի գաղափար ու մտահղացում դրվում է քննարկման։
«Հայտերի ընդունման համար ձևավորվել է խորհուրդ, որի կազմում լինելու են ներկաացուցիչներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, ինչպես նաև խորհրդակցական ձայնի իրավունքով կլինի ներկայացուցիչ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից»,-ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է ԲՀԿ-ական Շաքե Իսայանը։
Խորհրդի կազմում են կաթողիկոսարանի արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանը, Արցախի կրթության, գիտույթան, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի անդամ Գաբրիել Չեմբերջյանը, արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանը, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սարգիս Սարդարյանը, մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը, ԲԳԹ, Պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբոնի դոցենտ Լուիզա Սարգսյանը, վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գևորգյանը և բարերար, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը։
Տեր Ասողիկը հուշակոթողը համարում է մեր հավատքի, հոգևոր ապրումների ու ազգային մտածողության խտացումը։
«Ինչպես մենք ենք բացառիկ, աստվածընտրյալ ժողովուրդ, այդպես էլ մեր կերտած Քրիստոսը պետք է լինի յուրահատուկ և լիապես արտահայտի մեր ավանդական մշակութային արվեստաբանական մտածողությունը», - ասել է տեր Ասողիկը։
Քննարկմանն է միացել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո վերականգնման աշխատանքային խմբերից մեկի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար խորհուրդ է ձևավորվել
- Գագիկ Ծառուկյան. Հայտարարվում է մրցույթ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար