Փաշինյանն անկեղծ էր, ուղղակի «Ապագա կա» կարգախոսը վերաբերում էր ադրբեջանցիներին, ոչ թե հայերին. հոգեբան
«Հայաստանում ադրբեջանցիների այցի ժամանակ այսպիսի պատվում, երբ պարալիզացված է մայրաքաղաքի ողջ երթևեկությունը, երևի երբեք ոչ մի երկրի նախագահի այցի ժամանակ տեղի չի ունեցել»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց հոգեբան «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով Եվրանեսթի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության Հայաստան կատարած այցին:
Գնահատելով ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը, թե Բաքվում գերիներ չկան և իբր բոլորին արտահանձնել են՝ բանախոսը նկատեց, որ այն ուղերձ պետք է լինի գերիների հարազատներին, որ խնդրի լուծման համար ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում:
Նրա խոսքով՝ թյուրքալեզու երկրները՝ Ադրբեջանը և Թուրքիան միտված են Հայաստանի ոչնչացմանը, իսկ ՀՀ իշխանությունները ոչ մի կերպ չեն փորձում դրան դիմակայել:
«Չեմ հասկանում ինչ տակտիկական քայլ կարող է արվել ուղիղ ագրեսիվ հուշագրի վերաբերյալ կարծիք չարտահատելով, դեմ չլինելով: Այդ ուղիղ ագրեսիվ հուշագրի դեմ չարտահայտվելն ուղիղ համաձայնություն է հենց այդ քաղաքականությանը»,- նկատեց հոգեբանը՝ մեկնաբանելով Շուշիի համաձայնագրի դեմ ընդդիմության հայտարարությանը բացասական կարծիք տալու ժամանակ ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հնչեցրած փաստարկներին:
Բանախոսը շեշտեց, որ ՀՀ գործող իշխանություններն արժեզրկում են Արցախյան ազատամարտի ողջ պատմությունը:
«Այսօրվա օրակարգում հայրենիքի համար կյանքը զոհելը համարվում է հանցագործություն, պախարակելի երևույթ և փաստացի Աննա Հակոբյանի խոսքերը, որ մեր զինվորները զոհվել են ոչնչի համար, մեր իրականությունում արդեն ոչ թե ոչնչի համար է, այլ ստացվում է՝ հանցագործություն են գործել»,- հայտարարեց հոգեբանը և հավելեց.
«Այսօրվա իրավիճակում արցախյան պատերազմը համարվում է ոչ թե ազատագրական, պաշտպանական, այլ ագրեսիվ և ինտերվենցիայի միտում հետապնդող, ինչի արդյունքում պատմությունը խեղաթյուրվել է և աշխարհին ներկայացվում է այնպես, որ հայերը կոտորել են ադրբեջանցիներին և նրանց տարածքներն են զավթել և այլն»:
Մադաթյանի խոսքով՝ սկսած Վազգեն Սարգսյանից մինչև զոհված շարքային զինվորն այսօրվա դրությամբ աշխարհի մակարդակով ներկայացվում են ինտերվենտներ, սա այն ապագան է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր:
Բանախոսը հայտարարեց, որ Փաշինյանն անկեղծ էր, երբ ասում էր՝ ապագա կա, ուղղակի այն վերաբերում էր ադրբեջանցիներին, ոչ թե հայերին և նկատեց, որ Ադրբեջանը նույնիսկ իր ամենաբաղձալի երազում չէր կարող տեսնել նման դիվիդենտներ, որոնք ստացավ ՀՀ գործող իշխանություններից:
«Ադրբեջանը և տարածք ստացավ,և դուրս եկավ, որ Հայաստանը սխալ է եղել և մենք կզած փորձում ենք հարաբերություններ ստեղծել, և ամեն ինչ արվում է, որ ադրբեջանցիները Հայաստանի մուտքի ու ելքի ազատ հնարավորություն ստանան և հարգվեն»,- ասաց Միհրդատ Մադաթյանը:
Նա հայտարարեց, որ պետք է պայքարել այդ ամենի դեմ, այլ ոչ թե նստել տանը և հայտարարել, թե ընդդիմությունը ոչինչ չի անում:
Հոգեբանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ չպայքարողներն իրենց պասիվությամբ աջակցում են վերջինիս, իսկ ընդդիմության խնդիրն այսօրվա իշխանությունների հեռացումն է, ոչ թե՝ իշխանություն վերցնելը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան