Նարեկ Սամսոնյան. Եվրանեսթի նիստում ադրբեջանական երկու պատվիրակություն կա, մեկը ՔՊ-ն է
««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների ընթացող նիստում այսօր Ադրբեջանն ունի երկու պատվիրակությունը, նրանցից մեկը ՔՊ-ն է»,-Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, իրենք այստեղ են՝ ցույց տալու, որ ժողովրդի օրակարգը որևէ կերպ չի համընկնում Ալիևի օրակարգի հետ։
«Ալիևի տեղական դրածոն՝ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ներկայացնում հայ ժողովրդին։ Մենք եկել ենք մեր պահանջները ներկայացնենք»,-ասաց նա։
Սամսոնյանը հայտարարեց՝ բողոքի ակցիային մասնակցում են հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներ, կան թե տեղահանվածներ, թե զոհվածների ծնողներ ու հարազատներ։
Նշեց՝ այստեղ են ներկայացնելու իրենց հուզող հարցերը, խնդիրները։
«Մենք վստահ ենք, որ այս շենքի ներսում գտնվող իշխանությունները չեն ներկայացնում մեր տեսակետները։ Միայն պատվիրակության ղեկավարի անուն-ազգանունը հերիք է, որ մենք պատկերացնենք, թե ում հետ գործ ունենք։ Նովրուզին տռճիկ տվող Մարիա Կարապետյանի մասին է խոսքը»,-ասաց Սամսոնյանը։
Նա ոստիկաններին հորդորեց զգոն և ուշադիր լինել, հնարավոր սադրանքներ կատարողներին արագ հեռացնել։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Ազատություն ռազմագերիներին», «Հադրութը մեր հայրենիքն է», «Արդարություն Արցախի համար», «Շուշին մեր տունն է», «Պատժել ագրեսորին», «Ադրբեջանը մեղավոր է» ու այլ գրություններով ցուցանակներ։
Քաղաքացիները ոստիկանության ուղեկցությամբ բարձրացան աստիճաններով դեպի համալիրի մուտքի մոտ, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի նիստի մասնակիցներին։
Հիշեցնենք, որ այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցում են նաև Ադրբեջանցի պատգամավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե կարողանայի ներս մտնել, թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա ստում է. Նաիրա Զոհրաբյան
- Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար
- Ուզում եմ իմնանալ իրենք այստեղ ի՞նչ գործ ունեն․ Էդգար Ղազարյան
- Ադրբեջանցիները վախն այնքան են կորցրել, որ կարող են Հայաստանի դուռը քացով խփեն մտնեն ու չհարցնեն կարելի՞ է, թե՞ ոչ. Արմինե Ադիբեկյան