Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ոչ մեկին չի զիջի իր տարածքները, բայց հավատարիմ է մնում կարգավորման դիվանագիտական և խաղաղ ճանապարհին։
«Մենք հավատարիմ ենք խաղաղ և դիվանագիտական ուղուն և միայն գնալու ենք դրանով։ Մենք մեր հողի վրա ենք։ Մենք ոչնչից և ոչ մեկից չենք վախենում։ Ոչ մեկին ոչինչ պարտք չենք։ Ոչ մեկին ոչինչ չենք տա։ Մենք դրանում վստահ ենք»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Զելենսկին ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում, որը հեռարձակել է «Ռադա» հեռուստաալիքը՝ մեկնաբանելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի որոշումը:
Նա նաև վստահեցրել է, որ Ուկրաինայի սահմանները հուսալիորեն պաշտպանված են, ստեղծվել է տարածքային պաշտպանության համակարգ, և իրենց գործընկերներն իրենց աջակցում են։
Զելենսկին ընդգծել է, որ այժմ քաոսային գործողությունների պատճառ չի տեսնում։
«Եթե մենք տեսնենք իրավիճակի փոփոխություն և ռիսկերի աճ, ապա դուք (ուկրաինացիները) անպայման կիմանաք այդ մասին»,- եզրափակել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անվանել են հարված դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
- Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարները դիմել են Պուտինին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով