«Փաստ». Բյուրականի աստղադիտարանում մտահոգիչ վիճակ է տիրում
«Փաստ» թերթը գրում է. «Բյուրականի աստղադիտարանում տիրող վիճակի մասին վերջին շրջանում ավելի ու ավելի մտահոգիչ տեղեկություններ են հրապարակվում: Մեկ անգամ չէ, որ նշվել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցում գիտական, նպատակային ու բովանդակային աշխատանքի բացակայության մասին։ Դրանից զատ, պարզվում է, ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից Բյուրականի աստղադիտարանում 2020 թվականի վերջին ստուգումներ են կատարվել։ Մեր ունեցած տեղեկություններով, առերևույթ խախտումների մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին, սակայն այն փաստացի թաքցվել է, կամ դրանց պարզապես ընթացք չի տրվել:
Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ապա պարզվում է, որ բացահայտվել են բավականին խախտումներ ու չարաշահումներ, այդ թվում, մասնավորաբար, «Ռոսկոսմոս» ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման՝ բավականին խոշոր գումարով պայմանագրի առումով: Միևնույն ժամանակ, պարզվել է, որ Բյուրականի աստղադիտարանը ստուգվող ժամանակաշրջանում հսկիչ դրամարկղային մեքենա չի ունեցել, այն ձեռք է բերել միայն 2020 թ.-ի հուլիսին, այն դեպքում, երբ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, չի վարվել նաև այցելուների մուտքի հաշվառման մատյան կամ ցուցակ։
Սրանք ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումների մի չնչին մասն են միայն, դրանց քանակը բավական մեծ է, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ բարձիթողի վիճակ է մի կառույցում, որը միշտ եղել է մեր հպարտության առարկան, և որը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին