Վարձով ապրելու համար զինծառայողներին դատում են մեր երկրում. Թագուհի Թովմասյան
«Ինձ համար շատ զարմանալի է, որ կառավարությունում կան մարդիկ, որոնք դեմ են արտահատվել և միասնական որոշում է կայացվել դեմ արտահայտվել այս նախագծին, հիմնավորումն էլ իմ համար բացարձակ ընդունելի չէ»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին իր հեղինակած նախագիծը:
Ներկայացնելով իր նախագիծը՝ Թովմասյանը հայտնեց, որ գործող օրենսդրական կարգավորման համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափերով:
Ըստ նրա՝ նշված հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զուտ օրենքի տեսանկյունից այս նորմը նախատեսվել է պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքներ ապահովելու նպատակով, սակայն, օրենքի կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ:
«Մասնավորապես՝ զինծառայողները, որոնք տարբեր պայմաններից ելնելով, երբեմն՝ իրենց կամքից անկախ, հաճախ իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Վարձով բնակվում են այլ վայրում, որևէ ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերն իրենց կողմից վճարում և այդ փաստաթղթերը ներկայացնում համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում»,-հայտնեց պատգամավորը և նկատեց, որ փաստացի ստացվում է, որ բնակելի տարածություն վարձակալելու համար փոխհատուցում ստացած զինծառայողները իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են, ներկայացնում են նաև Կադաստրի կոմիտեից տեղեկանք՝ սեփականություն չունենալու մասին, բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ այնտեղ, որի տան տերը չի կնքել պայմանագիր:
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ նշված խնդրահարույց դեպքերի հանգամանքները՝ որպես հանցագործության հատկանիշ հիմք են հանդիսացել, և մի քանի տասնյակ պայմանագրային զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:
«Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած վիճակագրության համաձայն՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1138-Ն որոշմամբ հաստատված «Զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցման վճարման» կարգը խախտելով, բնակելի տարածությունների վարձակալության պայմանագրեր ներկայացնելու և իրականում տվյալ բնակարաններում չբնակվելու պայմաններում դրամական փոխհատուցումներ ստանալու վերաբերյալ զինծառայողների կողմից խաբեության եղանակով խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստերի առթիվ, մինչ օրս կայազորային քննչական բաժիններում քննվել են թվով 81 քրեական գործեր: Դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել և գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ նման դեպքերով քրեական գործերի հարուցումը պարտավորեցնում է պայմանագրային զինծառայողներին, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, միանվագ վճարել ամիսներ կամ տարիներ շարունակ պետությունից ստացած և իրենց կացության համար ծախսած գումարները՝ տասնյակ միլիոնավոր դրամները, որն այս ծանր սոցիալական պայմաններում զինծառայողների համար անհաղթահարելի դժվարություն է:
Նա նաև հայտնեց, որ վերոնշված խնդիրների լուծման կապակցությամբ օրենսդրական փոփոխություն իրականացնելու անհրժեշտություն են տեսել նաև Պաշտպանության նախարարությունը և Զինվորական կենտրոնական դատախազությունը:
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է զինծառայողի բնակարանի վարձի փոխհատուցման միակ հիմք ընդունել Կադաստրի կոմիտեից տեղեկանքը, որ նա բնակարան չունի և չպահանջել բնակության վարձակալության պայմանագիր, քանի որ շատ դեպքերում վարձու բնակարանի սեփականատերը տարբեր պատճառներով չի կնքում վարձակալության պայմանագիր:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ կառավարության բոլոր ներկայացուցիչները ընդունեցին, որ այն նույնիսկ շատ ուշացած նախագիծ է, քանի որ զինվորական ծառայության անցած մարդիկ դատապարտվում են այս հոդվածով, բայց հետագայում բացասական եզրակացություն է տվել նույն նախագծին:
Նկատելով, որ կառավարությունը հիմնավորել է, թե առաջարկվող նախագծով կօգնեն այն քաղաքացիներին, որոնք վարձակալության են տալիս տունը, բայց չեն ցանկանում հարկ վճարել՝ Թովմասյանն ասաց. «Հարկայինը չաշխատի, չկարողանա գնալ և բացահայտել, իր գործառույթները պատշաճ չկատարեն ու դրա փոխարեն զինծառայողները դատվե՞ն: Ինչ են արել՝ վարձով են ապրել, վարձով ապրելու համար մարդկանց դատում են մեր երկրում»:
Նրա խոսքով օրենքն ընդունվելու դեպքում զինծառայողների վրա հարուցված 51 գործ միանգամից կկառճվի, իսկ մնացած 30-ի համար հնարավոր է հետադարձ ազդեցության մեխանիզմ գտնվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան