Ոստիկանների կողմից երիտասարդների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը պայմանավորում եմ նրանով, որ ցանկանում են դուր գալ Ալիևին ու Էրդողանին. Սաղաթելյան
«ՀՅԴ երիտասարդները շատ հստակ պահանջով իրենց բողոքն էին արտահայտում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին ադրբեջանցի պատվիրակների մասնակցության առիթով։ Ոստիկանությունը բիրտ, կոպիտ և ապօրինի ուժ կիրառեց նրանց, այդ թվում երիտասարդ աղջիկների, անչափահաս պատանու նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ նրանք ստացել են վնասվածքներ, վերջում էլ նրանց նկատմամբ հարուցել են քրեական գործ։
«Այս բիրտ ուժի կիրառումը ես պայմանավորում եմ նրանով, որ իրենք ցանկանում են կրկին դուր գալ Ալիևին ու Էրդողանին»,-շեշտեց Ի.Սաղաթելյանը։
Ըստ նրա, տրամաբանական էր ու շատ նորմալ, որ ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող հայ երիտասարդները իրենց վրդովմունքն էին արտահայտում. «Երբ այսօր Ադրբեջանում գերիներ ունենք, անհետ կորածներ, զոհեր, հայրենիքի կորուստ, ու այդ իրավիճակում ադրբեջանցի պատգամավորները գան, հանգիստ վայելեն, ու այդ ընթանքում էլ հայտարարեն, որ Արցախի հարցը փակված է»։
«Կարծում եմ՝ մեր բոլորիս արձագանքը շատ մեղմ է եղել այս օրերին, պետք է լիներ ավելի կոշտ և ընդգրկուն»,-ասաց նա։
Ի. Սաղաթելյանի խոսքով, ոստիկանությունը շարունակում է իրեն պահել խայտառակ կերպով, ինչի պարզ վկայությունը երեկվա պահվածքն էր։
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, նա ասաց. «Մենք ուղիղ ասում ենք, որ երկակի ստանդարտներ են շատ հաճախ կիրառվում իրավիճակին իրական գնահատական տալու համար։ Դա կարող ենք ասել և ՏԻՄ ընտրությունների, և դատարանները շրջափակելու, դատավորի նկատմամբ գործողությունների, քաղբանտարկյալների դեպքում։ Այս ամենի հետ կապված պատշաճ ու ամբողջական արձագանք չունենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ երեկ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտից բերման է ենթարկվել 25 անձ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ՀԵՄ. «Հստակ գնահատական տալ ոստիկանության փետրվարի 22-ի ակնհայտ ապօրինի գործողություններին»
- Ոստիկանության բաժանմունքում կոտրվել է ՀՅԴ երիտասարդական միության անդամ Նարոտ Ղազարյանի ձեռքը
- Բերման ենթարկված 25 անձին ոստիկանության բաժնում բղավել են «նիկոլ դավաճան, նիկոլ թուրք»
- Սրան տարեք, նրան տարեք, էն մեկին տարեք... ձեր Նիկոլին հավաքեք տարեք. Տիգրան Աբրահամյան
- Ռուբեն Մելիքյան. Ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքող երիտասարդներին «կարմիր բերետները» ձերբակալում են ամենալկտի ձևով