Կառավարությունը քննարկում է դիմակներ դնելու պարտադիր պայմանը հանելու հարցը
«Վերջին շաբաթների տենդենցը մեզ հուշում է, որ մենք գնում ենք համաճարակի կայուն նվազման»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ նախորդ օրը 4759 քաղաքացի է թեստավորվել և հաստատվել է 946 վարակի դեպք, մահացել է 24 քաղաքացի:
Առողջապահության նախարարը հայտնեց, որ Հայաստանում շրջանառվում է «օմիկրոն» շտամի Բ1 և Բ2 ենթաշտամերը, իսկ «դելտա» շտամը դուրս է մղվել «օմիկրոն»-ի ազդեցության ներքո:
Նկատելով, որ արձանագրվում է «օմիկրոն» շտամի հիվանդացության նվազ խստություն՝ Ավանեսյանը շեշտեց, որ չպատվաստված և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների շրջանում արձանագրվում են ծանր դեպքեր:
«Պետք է զգոնությունը պահպանենք՝ տարեց ու քրոնիկ հիվանդություններով քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպենք»,- հայտարարեց նախարարը և տեղեկացրեց, որ 65-ից բարձ տարիք ունեցող քաղաքացիների շրջսնում 40%-ից բարձր պատվաստման ցուցանիշ կա, որը վերջին 1-2 ամիսներին ավելացել է, բայց բոլոր ջանքերը ներդրվում է այդ ցուցանիշն ավելացնելու համար:
Նրա խոսքով՝ Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 1, 080,715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47.9%-ը, իսկ երկրորդը՝ 905,624 քաղաքացի, որը կազմում է 40%-ը, իսկ 20,169 քաղաքացի ստացել է երրորդ՝ խթանիչ դեղաչափը:
Ավանեսյանը հայտնեց, որ հիվանդանոցներում հաջորդ շաբաթ մահճակալները կկրճատեն:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց՝ հիմնական նորությունն այն է, որ ամենօրյա թվերի նվազում է նկատվում՝ հիշեցնելով, որ մինչ այդ վարակակիրների թիվն օրական հասել էր 4500-ի:
«Քննարկում ենք դիմակների պարտադիր կրման պահանջի հանման հարցը, որը ոչ թե պարտադիր կլինի, այլ ուղղակի խորհուրդ կտանք կրել»,- ասաց Փաշինյանը: