Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում անդրադարձ կա Արցախի հիմնահարցի կարգավորմանը
Մոսկվան և Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է նրանց ազգային շահերին և ուղղված չէ այլ երկրների դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում, որը երեքշաբթի օրը Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրել են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը։
Փաստաթղթում ասվում է, որ կողմերը կանեն հնարավոր ամեն բան՝ նպաստելու Արցախի Հանրապետության հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացմանը։
«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն ամեն կերպ նպաստել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Ադրբեջանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների դրույթների իրականացմանն ուղղված քայլերին։ Հայտարարությունները հիմք հանդիսացան կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման համար»,-ասվում է փաստաթղթում։
Հռչակագրում ասվում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են նաև անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն տրամադրել։
«Անվտանգությունն ապահովելու, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, հաշվի առնելով գործող միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը »,- ասված է հռչակագրի տեքստում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան