Ինչպես պահածոյացնել մթերքը, որ պահպանվի իրական համը, պահածոն էլ լինի 100% բնական. բաղադրատոմսերի գաղտնիքներ
30-ից հետո կյանքն այնպիսի կատակներ է սկսում անել մեզ հետ, որ ոչ ավել, ոչ պակաս սկսում ենք մտածել պահածոների, պահածոյացված վիճակում բանջարեղենի ու մրգերի իրական համը պահպանելու գաղտիքների ու ամենակարևորը՝ անվտանգության մասին։ Վերջերս կանանց խմբերից մեկում մի քննարկում էր ծավալվել, որում մասնակիցների մեծ մասն ասում էր, որ նախապատվությունը տալիս է ավելի շատ գնած պահածոներին, քան սեփական ձեռքերով պատրաստած։ Իհարկե, նրանց մեծ մասը Հայաստանից դուրս ապրող հայեր էին, որ գնում էին հայկական արտադրության պահածոներ հեռավոր եվրոպաներում, ամերիկաներում ու ռուսաստաններում՝ կարոտն առնելու հայրենիքի համ ու հոտից, բայց այստեղ կա մի ուրախալի բայց. փաստորեն հայկական արտադրանքն անցնում է որակի վերահսկման բոլոր խիստ ստուգումները, համապատասխանում է միջազգային չափանիշներին ու մրցունակ է համաշխարհային շուկայում։ Ինձ համար թերևս ուրախալի էր նաև, որ ոչ միայն տեղի հայերն են գնում, այլ հենց արտասահմանցիները (թերևս՝ փոքր երկրների մեծ ժողովուրդների մեծ բարդույթներն են պատճառը):
Հայաստանում և դրա սահմաններից դուրս իր համեղությամբ ու բնականությամբ հայտնի բրենդի՝ Homeland-ի պահածոներն, օրինակ, ուտում են ԱՄՆ-ում, եվրոպայում, Ռուսաստանում, Պարսկաստանում և շուտով նաև Չինաստանում։Որպես սպառող՝ ինձ համար, օրինակ, շատ կարևոր է այս բրենդի արտահանման ծավալների ու երկրների բազմազանության փաստը՝ առավել վստահ կարելի է գնել և ուտել, բայց արդյո՞ք Հայաստանում և դրա սահմաններից դուրս վաճառվող պահածոները նույնն են, թե՞ տարբերություններ կան արտահանվողների և տեղական սպառման համար նախատեսվածների մեջ, կա՞ ինչ-որ գաղտնի բաղադրիչ, որ այդքան համեղ է դարձնում արտադրանքը և արդյո՞ք, դա 100 տոկոս բնական է՝ ինչպես նշված է պիտակի վրա, կարողանու՞մ են այնպես պահածոյացնել, որ պահպանվեն վիտամիններն ու սննդարար նյութերը և պահածոն լինի անվտանգ. այս և այլ հարցերի պատասխանների հետևից մեկնեցինք Homeland-ի գործարան՝ առաջին ձեռքից ստանալու պատասխանները։
Թեպետ սեզոնային առումով աշխատանքի թեժ պահ չէր մեր այցելության ժամանակ, ավելի շատ տեսնելու ու պատմելու բան կլիներ, եթե միրգ-բանջարեղենի մթերման, լվացման, պահեստավորման ժամանակ այցելեինք, բայց ամեն դեպքում աշխատանքը եռում էր. ռուսական «Մագնիտ» առևտրի ցանցի հերթական խոշոր պատվերն էին պատրաստում ուղարկել։ Գործարանի տնօրեն Գրիգոր Դանիելյանի խոսքով, ունեն պայմանագիր այդ ընկերության հետ և ամեն ամիս կատարում են մատակարարում։
Լրիվ նույն արտադրանքն է և՛ ներքին սպառման համար արտադրվածը, և՛ արտահանվածը
«Անցյալ տարի այդ խոշոր առևտրի ցանցը միայն 750 000 հատ «Ախորժակ» էր պահանջել։Ի սկզբանե մեր նպատակն է եղել որակյալ արտադրանք տալ, որը մրցունակ կլինի և Հայաստանում և դրա սահմաններից դուրս. այսինքն՝ հույսեր ենք կապել թե տեղական շուկայի պոտենցիալի, թե արտասահմանյան շուկաների լայն հնարավորությունների հետ։ Լրիվ նույն արտադրանքն է և ներքին սպառման համար արտադրվածը, և արտահանվածը։ Սեփականատերը 3 պահանջ էր դրել մեր առջև՝ որակ, որակ, որակ։ Դատելով պահանջարկից՝ հստակ կարող ենք ասել, որ նպատակն արդարացրել ենք։ ISO սերտիֆիկատ ենք ստացել։ Ընդամենը 3 տարվա կյանք ունի դեռ մեր բրենդը, հիմնել ենք 2019 թվականին, 0-ից ստեղծված ընկերություն է, բայց հայտնի է և Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ Չնայած սկիզբը համընկավ կորոնավիրուսի բռնկման հետ, կրեցինք դժվարություններ, բայց դրանք էլ հաղթահարեցինք։ Մատակարարում ենք ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Բելգիա, Լեհաստան Բեալառուս, Ուզբեկստան, Պարսկաստան և այլն, շուտով կլինենք նաև Չինաստանում»,-ասում է Գրիգոր Դանիելյանը։
Թե ինչպես ԱՄՆ-ից եկան պղպեղի մածուկի հետևից, իսկ Իմամ Բայալդին սիրվեց եվրոպայում
Գործարանի գլխավոր տեխնոլոգ Ռուբեն Խաչատրյանն ասում է, որ անկախ նրանից սուպերմարկետ կմտնես Լոնդոնում, ԱՄՆ-ում, Իջևանում, Կրասնոդարում, Մոսկվայում, Փարիզում, թե Գերմանիայում, նույն արտադրանքը կգնես. «Որակի առումով չկա ոչ մի տարբերություն, բայց երբեմն լինում են հատուկ պատվերներ, օրինակ՝ ԱՄՆ-ի համար իր պահանջով արտադրել ենք պղպեղի մածուկ, այնտեղ դրա պահանջարկը մեծ է, ասում են՝ հիմնականում ուտում են մեքսիկացիներն ու սիրիացիները, շատ կծու ու աղի մածուկ է։ Հայաստանյան շուկային նոր ենք սովորեցնում այդ արտադրատեսակին, արդեն ունի մշտական հաճախորդներ։ ԱՄՆ-ում նաև սմբուկի խավիարի ու բանջարեղենի խորովածն են պատվիրում առավել կծու, քան, օրինակ եվրոպական երկրներն են պահանջում, եվրոպայում շատ հայտնի ու պահանջված է Իմամ Բայալդին, իսկ ռուսական շուկայի քմահաճույքն է, որ թթուները լինեն շատ ավելի աղի։ Զուտ քիմքային տարբերություններ կան։ Մնացածը նույնն է։ Մեր հայրենակիցներին էլ ամենաշատը գրավում է տնականությունը։ Սփյուռքն ավելի էմոցիոնալ է։ Սփյուռքի ընկերությունները, երբ գալիս են դեգուստացիայի, որ անեն պատվերներ, հիմնականում ոգևորվում են, երբ նմանեցնում են իրենց մայրիկների, տատիկների պատրաստածին, տան համուհոտ են առնում, հայրենիքի...դե մեր կարգախոսն էլ հենց այդ մասին է. Homeland` մեր սարերի համն ու հոտը»։
Բաղադրագրերի գաղտնիքը. նոստալգիա
«Բաղադրագրերում է այդ նոստալգիայի գաղտնիքը. մենք վերցնում ենք մայրիկների տնական բաղադրատոմսերը, վերածում ենք մասնագիտականի, նմուշների պատրաստման սենյակում հանում ենք մի քանի նմուշ, հետո գործարանի համտեսման խմբի հետ փորձարկում ենք փակ մեթոդով, մեկնաբանությունների վրա անում ենք եզրակացություններ ու դրանցից ստանում ենք վերջնական արդյունքը, որն էլ արդեն սկսում ենք արտադրել՝ որակի ստանդարտների համապատասխան... Գաղտնիք, իհարկե կա, դա տեխնոլոգի հմտությունն է համերը համադրելու, մթերքների չափ ու քանը որոշելու, այս մթերքն այսքան եփել, համամեունքը որ փուլում ավելացնել, ինչ չափաբաժնով, իսկ մնացածը գրված է պիտակի վրա»,-ասում է գլխավոր տեխնոլոգը, բնականաբար, գաղտնիքը գաղտնի պահելով։
Հարցին, եթե աստված մի արասցե, օրինակ Քովիդի հետևանքով կորցնեք համուհոտը, կկարողանա՞ք աշխատել, տեխնոլոգն ասում է, որ ունի իր ֆիքսված բաղադատոմսերը, դրանցով կաշխատեն, իր ռեցեպտորները այլ կերպ են զարգացած,դժվար թե իր հետ պատահի նման բան, բացի այդ խիստ հաշվի է առնվում դեգուստացիոն խմբի կարծիքը, որովհետև մարդը սովորում է համին ու հետ է գալիս խանութ հենց այդ համի հետևից.«Մենք պիտի կարողանանք միշտ ստանալ նույն համը»։
Տեխնոլոգիաները թույլ են տալիս սպառողին ներկայացնել անվտանգ և ապահով մթերք
«Սիրտ ու հոգի եմ է դրել էս գործարանի մեջ»,-պատմում է գործարանի տնօրեն Դանիելյանը՝ ընդգծելով, որ միայն շենքն է եղել, երբ սկսել են աշխատանքները, անգամ պատերը չեն եղել, իսկ այսօր նորագույն տեխնոլոգիաներով զինված, հաջողակ բիզնես է։
«Ի դեպ, որակի ու համի համար պարտական ենք նաև այդ նորագույն սարքավորումներին։ Պետք է նշեմ, որ որակը շատ դեպքերում հենց համն է։Ջերմամշակման և մանրէազերծման՝ արտադրական գործընթացներում կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս սպառողին ներկայացնել անվտանգ և ապահով մթերք, որը, միևնույն ժամանակ, պահպանում է իր սննդարարությունն ու թարմությունը: Պահածոյացումը կատարվում է վակուումային հատուկ սարքավորման միջոցով, ինչը թույլ է տալիս երաշխավորել դրա երկարաժամկետ պահպանումը: Մանրէազերծումից հետո արտադրանքն անցնում է կարանտինային շրջան, իսկ հետո՝ լաբորատոր փորձարկումներ: Այնուհետև՝ վերջիններիս դրական արդյունքների հիման վրա որակի հավաստում անցած պահածոները պահեստից բաց են թողնվում և հասնում սպառողին»:
Նրա խոսքով, միայն տեխնոլոգիաներով գործը գլուխ չէր գա.«Մեր արտադրանքի համի գաղտնիքներից մեկը ջուրն է. մենք օգտագործում ենք Ապարանից եկող սառնորակ աղբյուրի ջուրը, արևի տակ հասունացած միրգ բանջարեղենը, բայց էլի համը լիարժեք չէր լինի, եթե մեր տեխնոլոգը չկիրառեր իր մասնագիտական մոգությունները՝ յուրահատուկ բաղադրագրերը ու չհետևեր խստորեն ռեժիմներին»։
Պատրաստել այնպես, ասես հենց քո երեխան է ուտելու
«Մթերքի հանդեպ նուրբ վերաբերմունքը թույլ է տալիս սպառողին առաջարկել բարձրորակ տեսականի, որի մշակման և արտադրության գործընթացներում հաշվի են առնվում թե՛ մթերքի բնական առանձնահատկությունները, և թե՛ դրանց պատրաստման մեջ կիրառվող տեխնոլոգիական նորագույն մոտեցումները»,-ասում է տնօրենը։
Նա ընդգծում է.«Մենք աշխատում ենք այնպես, կարծես, մեր ընտանիքների համար է, այնպես, որ գիտեմ՝ իմ երեխան է ուտելու, այ այդքան լավը պիտի լինի մեր արտադրանքը ու անվտանգ։ Ես, օրինակ Քովիդով հիվանդանալուց հետո ոչինչ ուտել չէի ուզում, գործարանից «Ախորժակ» ուղարկեցին, ախորժակս բացվեց, սկսեցի օրհնել էն մարդուն, որ մտահղացել է այս ուտեստը ու այնքան իմաստուն է եղել, որ անունը դրել է «Ախորժակ»։ Համ ու որակ, թերևս հենց դրա համար էլ ընտրում են մեզ սպառողները թե Հայաստանում,թե արտասահմանում...մեր առջև չկա դրած խնդիր՝ ապահովել թվեր, կա խնդիր միշտ ունենալ որակյալ արտադրանք ու գոհ սպառող։ Ավելի մասնագիտորեն ասած՝ ընկերության գործունեության հիմքում ոչ միայն գործարար հաջողություններն են, այլև՝ երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունն ու հոգածությունը սպառողի հանդեպ»։
Հարցին, ինչու պիտի սպառողը հենց Homeland ընտրի, տեխնոլոգն ասում է. «Բարձր որակի արտադրանք ստանալու համար կիրառվում են նորագույն սարքավորումներ, հոսքագծեր, եփող կաթսաներ, մակափակող մեքենաներ,որոնք կառավարվում են ավտոմատ համակարգով, գործարանում առկա են նոր սերնդի ավտոկլավներ, որոնք երաշխավորում են արտադրանքի անվտանգությունը։Արտադրանքի համար մթերվում է բացառապես բարձրորակ հումք: Այն ընդունելուց առաջ կատարվում է նմուշահանում. դրա եզրակացության հիման վրա ստացված միրգն ու բանջարեղերը բեռնաթափվում են և մտնում արտադրամա։ Մի փոքր մանրամասնեմ. սկսեմ մթերումից՝ մթերում ենք գյուղացուց, անմիջապես հողագործից.նախընտրում ենք մի քիչ ավել վճարել, բայց ձեռք բերել լավագույնը։ Մեր օդը, ջուրը, արևը մեր պտուղ-բանջարեղենը դարձրել են վիտամինների անսպառ աղբյուր ՝ չպետք է բաց թողնել հնարավորությունը՝ սրանով գրավել աշխարհը։ Հումքը ընդունելու ժամանակ նախ ես անզեն աչքով եմ գնահատում այն՝ վնասվա՞ծ է, վնասված չէ, գերհասունացա՞ծ է, թերհա՞ս է, թե՞ հենց այն է, ինչ մեզ պետք է։ Որակի գնահատում է այլ կերպ ասած տեղի ունենում, եթե առաջին փուլն անցնում է, լաբորատորիայի աշխատողն է միանում, վերցնում է նմուշը, որպեսզի հասկանանք տվյալ մթերքի թթվայնությունը, չոր նյութը, նիտրատների չափը, շաքարայնությունը, եթե համապատասխանում է մեր պահանջներին, ընդունում ենք։ Դրանից հետո տեղի է ունենում լվացման պրոցեսը։ Կախված նրանից, թե ինչ մթերք է, օգտագործում ենք համապատասխան լվացող սարքավորումը, ունենք խոզանակային և բարբադյորային լվացող մեքենաներ...կրկնակի եռակի լվացում ենք անում, որովհետև սա անվտանգության կարևոր փուլերից է՝ խուսափելու բուտուլիզմից և այլ խնդիրներից։ Սրանից հետո, էլի կան անվտանգության միջոցառումներ՝ մանրէազերծում, ջերմային մշակում և այլն։
Ի դեպ, տնային պայմաններում այսպիսի արդյունքի հասնել չի կարելի, որովհետև ջերմային մշակում է համարվում, եթե 100-ից բարձր ջերմաստիճանի տակ է եռացվում, իսկ տնային պայմաններում 96 աստիճանից բարձր ջերմաստիճանի հնարավոր չէ հասնել, բուտուլիզմի հարուցիչն էլ, գիտեք՝ վերանում է 100-ից ավել ջերմաստիճանի տակ ստերիլիզացվելուց։
Հարցին, իսկ այդ անվտանգության միջոցառումների պատճառով համը չի՞ տուժում, տեխնոլոգն ասում է, որ ոչ, որովհետև հենց այդտեղ էլ կայանում է իր աշխատանքի հիմնական բարդությունը՝ պահպանել թե մթերքի համը,թե տեսքը և ապահովել անվտանգությունը։ Ի դեպ, դա պարզապես հմտություն չէ, մասնագիտություն է, որը սովորում են համալսարանում, Ռուբենն անգամ մագիստրատուրա է ավարտել, բաժինն էլ հենց այդպես է կոչվում՝ Պահածոյացման տեխնոլոգիաներ։
«Տեխնոլոգը հաշվարկում է տվյալ մթերքում ստերիլիզացիայի ջերմաստիճանը, թե 100-ից բարձր, որ ջերմաստիճանի տակ է պետք եռացնել տվայլ բաղադրիչը, որ մթերքը շատ եփված չլինի, տտիմ համ չունենա, չթոռոմի,գույնը պահպանվի և այլն»։
100 տոկոս բնական,100 տոկոս հայկական
Հարցին, մի քիչ չափազանցվա՞ծ չէ Ձեր կարգախոսը՝ 100 տոկոս բնական,100 տոկոս հայկական, արդյ՞ոք, հնարավոր է պահածոյացնել՝ պահպանելով 100 տոկոս բնականությունը, չօգտագործել հավելանյութեր, Ռուբենն ասում է.«Ես որպես գլխավոր տեխնոլոգ երաշխավորում եմ, որ մեր արտադրանքները 100 տոկոս բնական են, ոչ մի հավելանյութեր չկան, որովհետև դրանք ավելացնում են այն մթերքներին, որոնք բավարար ստերիլիզացիա չեն անցնում, պահպանման խնդիր են լուծում, քանի որ մեր մթերքները անցնում են պրոֆեսիոնալ ջերմային մշակում, հավելանյութերի կարիք չի լինում, ես դեմ եմ՝ անգամ չափի ու նորմայի մեջ կիրառմանն եմ դեմ։ Ցանկացած պահածո մեր գործարանի կարող են տանել լաբորտաորիա,ստուգել և համոզվել դրանում։ Արտաքին տեսքն էլ արդեն հուշում է, թե ինչես ուտելու, ինչ համ ես զգալու։
Անելիքներ
Որպես ապագայի անելիքներ Homeland-ի տնօրեն Գրիգոր Դանիելյանն ընդգծում է գործարանի մեծացման անհրաժեշտությունը՝ աշխատանքների ծավալը շատացել է, չեն տեղավորվում, գլխավոր տեխնոլոգն էլ հավելում է.« Աշխատում ենք ընդլայնել արտադրությունը, քանի որ շուկայում մեծ է պահանջարկը: Այս տարի թարմացվել է պահածոների տեսականին՝ ունենք նոր արտադրատեսակների պատվերներ:Մենք շարունակելու ենք սպառողին ներկայանալ նորույթներով, որոնք կլինեն համեղ և իհարկե կունենան բարձր որակ»:
Ակնարկ
Հոմլենդ բրենդը ստեղծվել է 2019-ին: Առաջարկում են ամենահամեղ պահածոների ավելի քան 100 անուն տեսականի:Հոմլենդն առաջարկում է կիսաֆաբրիկատների և օգտագործման համար պատրաստ բանջարեղենային ու հատապտղային պահածոների մշտապես թարմացվող լայն տեսականի:Գործարանի ստեղծման ներդրումները կազմել են ավելի քան 3,5 միլիարդ դրամ, ունի ավելի քան 250 աշխատակից։
Հ.Գ եթե ունեք յուրահատուկ արտադրանք, որի մասին կցանկանայիք պատմել, գրեք մեզ՝ [email protected] և սպասեք, գուցե հաջորդը հենց Ձեզ այցելենք։