Արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված. Օմբուդսմեն
«Արդարադատության նախարարն իր հարցազրույցներում երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական բառապաշարով է խոսում, անգամ ծանր վիրավորանքի հատկանիշներ էլ կան իր հայտարարություններում»,- ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին։
Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանի արձագանքին, որ Ա. Թաթոյանը խախտել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, երբ դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարություն է արել, նա նշեց. «Ասում է օմբուդսմենն իրավունք չունի ընթացիկ դատական գործով գնահատականներ տալ, հղում է անում ՄԻՊ օրենքին՝ 24-րդ հոդվածի 4-րդ մասին։ Ինքը կետ է ասում, իրականում 4 –րդ մաս է, կետն ուրիշ բան է։ Նախ այդ օրենքը գրվել է իմ անմիջական ղեկավարությամբ։ Իսկ այդ դրույթը, որին հղում է անում, ես եմ անձամբ ձևակերպել, կոչվում է՝ իրավունք չունի ՄԻՊ-ը միջամտել դատական վարույթին։ Ընդամենը։ Ինձ համար շատ ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված։
Քանի որ այդքան ռիսկ է արել, մտել է մասնագիտական դաշտ ինձ հետ, հիմա կբացատրեմ ինչի մասին է այն։
Նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն, դատական քննություն, դատական վարույթ, որը նախաքննությունը չէ։ Նախաքննությունը իրականացնում է քննիչը, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը։
Հիմա ինչպե՞ս կարող է նախաքննության հարցը դառնալ դատական գործ։ Նախ մեր օրենքը դատական գործ հասկացությունը չունի, չգիտեմ՝ որտեղից է վերցրել այդ հասկացությունը։ Բա էդ արդարադատության նախարարն ինչպե՞ս էր իր նախկին պաշտոնում գնահատականներ տալիս դատական գործերի հետ կապված»։
Նա ափսոսում է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը կարող է սիրողական գնահատականներ տալ առանց հայտարարություններին ծանոթանալու. «Երկար ժամանակ է այս մոտեցումը կա, անընդհատ բաներ են ման գալիս ՄԻՊ-ին անդրադառնալու համար։ Ի՞նչ գործ ունեք, իրավապաշտպաններին ընդհանրապես պիտակավորում եք։
Իմ կարծիքով, այս ամենը պարզպաես պոպուլիստական բառապաշարով շարժվել է։
Կարծում եմ, նաև իմ որոշ միջազգային գործընկերների գնահատականն է, որ արդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով»։
Արման Թաթոյանը նաև ընդգծեց. «Եթե արդարադատության նախարարը վստահ չի իր հայտարարությունների մեջ կամ մանրամասն չի ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանի ասելիքները և մասնագիտական հենքը չի պատկերացնում, մյուս անգամ թող չհամարձակվի Հայաստանի ՄԻՊ հաստատության հանդեպ որևէ ոտնձգություն անել՝ թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ»:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանավորված. պաշտպան
- ԲԴԽ-ն արձագանքել է Արման Թաթոյանի հայտարարություններին
- Առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել. Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին
- Մի խումբ իշխանավորներ բռնաբարեցին արդարադատությունը. դատավոր Բախշիյանի պաշտպան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
- Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը
- ՄԻՊ-ին դիմել են դատավորի փաստաբանները