Արման Թաթոյանը շատ վատ լուր ունի ադրբեջանական իշխանությունների համար
«Այս պահին ինձ չեմ տեսնում պետական համակարգում, ես ինձ տեսնում եմ այլ գործունեություն իրականացնելիս»,- ասուլիսում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է։
Նա նշեց, որ իրականացնելու է հանրային գործունեություն։
«Ես շատ վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունեությունը՝ հատկապես ադրբեջանական խախտումների հետ կապված։ Շարունակելու ենք իրենց խախտումները, պատերազմական հանցանքները վեր հանել, այնպես որ իրենք ուրախանալու տեղ չունեն», - ընդգծեց Արման Թաթոյանը։
Նա ասաց, որ քաղաքական որևէ ուժից իրենց միանալու առաջարկ չի ստացել. «Ստանալու դեպքում էլ չեմ պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ։ Առավել ևս հիմա ես իրականացնելու եմ հանրային գործունեություն»։
Թաթոյանի խոսքով, խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդպիսի առաջարկներ եղել են, բայց կտրուկ մերժում են ստացել. «Հիմա էլ եմ ասում, ամենայն հարգանքով, բայց ունենք այն, ինչ ունենք»։
Հարցին՝ ՄԻՊ պաշտոնավարման հետ կապված սահմանափակում չկա, կարող էին իրեն առաջադրել երկրորդ անգամ, եթե առաջարկվեր երկրորդ անգամ ընտրվել ՄԻՊ պաշտոնում, կհամաձայնե՞ր, թե՞ ոչ, Ա. Թաթոյանը պատասխանեց. «Եթե իմ խնդիրը լիներ վերաառաջադրվելն ու վերընտրվելը, կարող էի այնպես աշխատել, որ վերաառաջադրվեի, առավել ևս եղել են ակնկալիքներ, որ իմ հրապարակային գործունեությունը դադարեցնելու, էականորեն պասիվացնելու պայմաններում կարող էր նման շանս ընձեռնվել։ Իմ խնդիրը չի եղել ամեն գնով առաջադրվելը, այլ իմ խնդիրն է եղել մեր ժողովրդի առաջ, իմ երդմանը համապատասխան առաքելություն իրականացնելը մինչև վերջ։ Բնականաբար, արել եմ իմ գործն այնպես, ոնց պետք է անեի, երբևէ չեմ մտածել այդ մասին, չեմ անհանգստացել։ Ավելին՝ եթե ինչ-որ մեկն էլ պետք է անհանգստանար, այն պաշտոնյաներն էին, ովքեր խախտում էին մարդու իրավունքները կամ փորձում էին ՄԻՊ հասատատությանն անլուրջ վերաբերվել։ Եթե որևէ բան անում ես, մտադրվել ես, պետք է կատարես քո առաջադրանքը, ոչ թե քո բարեկեցության, կոմֆորտ զոնայի մասին»։
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտոնում է 2016 թվականից. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։ Պաշտպանն ընտրվում է վեց տարի ժամկետով։
Արման Թաթոյանի կհաջորդի Քրիստիննե Գրիգորյանը։ Նա ՄԻՊ է ընտրվել հունվարի 24-ին, թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է՝ 70 թվի քարտեզ, 80 թվի, չէ այսօր 60 թվի, սա պետական պաշտոնյայի լուրջ մոտեցո՞ւմ է. Արման Թաթոյան
- Ծանր վիրավորանքի հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդված. ՄԻՊ
- ՄԻՊ. Քրեակատարողական համակարգը, ցավոք սրտի, մնում է պատժողական
- Ունեմ զգացողություն, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա. Արման Թաթոյան
- Արման Թաթոյան. ՄԻՊ-ի վերաբերյալ ադրբեջանական այս հրապարակումները պարունակում են մեծածավալ խորքային հայատյացություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին