Ղամբարյան. Ռշտունու նկատմամբ վարույթի հարուցումը չի կարող ընկալվել որպես իրավիճակը փոխելու իրավաչափ ճանապարհ
Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը գրում է.
«Դատավոր Վ․ Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթը, ըստ էության, վեճ է՝ «կենդանի» իրավունքի կիրառության մասին, ուստի այն պետք է հանգուցալուծվի առավելապես սոցիոլոգիական իրավաընկալման շրջանակում և extra legem իրավունքի զարգացման դոկտրինի հիման վրա (եթե տևական (երկարաժամկետ) արձակուրդ գնալու հիմքով վերամակագրման մասին օրենսդրական դրույթի բացակայությունը կորակվի որպես՝ օրենսդրական բաց)։
Դատավոր Ռշտունին, տևական (կարծես՝ երկու ամիս) ժամանակով արձակուրդ գնալու հիմքով վարույթները վերամակագրման հանձնելիս, ըստ էության հիմք է ընդունել Վերաքննիչ դատարանում ձևավորված «կենդանի» իրավունքի նորմը (տևական ժամանակ կայուն պրակտիկայով ձևավորված նորմատիվ կանոնը), ըստ որի՝ վարույթի ողջամիտ տևողության ապահովման նպատակով վարույթը փոխանցվում է այլ դատավորի։
Այս գործով վեճը լուծողը իրավաբանական մարմինը, թերևս պետք է հաշվի նստի գերմանացի պետականագետ Գ․ Ելլինեկի հայտնած գաղափարների հետ․
1) Ցանկացած ժողովրդի մոտ՝ ի սկզբանե իրավունք է համարվում այն, ինչը փաստացի իրականացվում է որպես այդպիսին։ Տևական իրականացումը համապատասխանում է սահմանված նորմին, և նրանց հետ միասին այդ նորմը վերածվում է հասարակության հրամայականի, այսինքն' ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԻ (Еллинек Г. Право современного государства. Том I: Общее учение о государстве. СПб.: 1903. С. 222)։
2) Այն, ինչ անընդհատ շրջապատում է մարդուն, այն ինչն նա անընդհատ ընկալում և անում է, սկսում է այն դիտել ոչ միայն որպես ՓԱՍՏ, այլ նաև՝ որպես ՆՈՐՄ, որի հիման վրա նա գնահատում է, դատում է այն ամենը, ինչ այդ նորմից շեղվում է (Տե՛ս Еллинек Г. ․․․ էջ 221)։
Եթե Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների՝ տևական ժամանակով արձակուրդ գնալու հիմքով գործերը վերամակագրման հանձնելու փաստն անընդատ շրջապատել է դատավորներին, եթե նրանք անընդհատ դա արել են, ապա այս հիմքով գործերը վերամակագրման հանձնելը իրավաչափորեն ընկալվել է որպես նորմ։
3) Իրավունքի համակարգում ձևավորվում է կանխավարկած այն մասին, որ գոյություն ունեցող սոցիալական փաստը միաժամանակ համարվում է իրավաչափ, իսկ այն ով ցանկանում է փոխել այդ իրավիճակը, պետք է ապացուցի դրա նկատմամբ իր իրավունքը (Տե՛ս Еллинек Г. ․․․ էջ 222)։
Եթե Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների՝ արձակուրդ գնալիս գործերը վերամակագրման հանձնելը տևականորեն գոյություն ունեցող սոցիալական փաստ է, ապա, էքսպլիցիտ ձևակերպված օրենսդրական արգելքի բացակայության դեպքում, այն իրավաչափ է, քանի դեռ պատասխանատու մարմինները չեն ցանկացել այս իրավիճակը փոխել օրենսդրական փոփոխությունների (ուղղակի արգելք սահմանելով) կամ, առնվազն՝ «փափուկ» իրավունքի (տեղեկատվական նամակների) միջոցով։
Տևական ժամանակով արձակուրդ գնալու հիմքով գործերը վերամակագրման հանձնելու Վերաքննիչ քրեական դատարանում ձևավորված համակարգային պրակտիկայի (սոցիալական փաստի) առկայության պայմաններում կոնկրետ դատավորի՝ Ռշտունու նկատմամբ վարույթի հարուցումը չի կարող ընկալվել որպես իրավիճակը փոխելու իրավաչափ ճանապարհ»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ նկատմամբ հարուցված վարույթը թիրախավորված է. դատավոր Վազգեն Ռշտունի
- Քիչ էր մնում ասեին՝ գործերն իր վրայից ցրել է ու գնացել. Ռշտունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան