ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է զոհված եղբայր ունեցողներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից
«Հիմնական մտահոգությունը, որ ունեին նաև կառավարության մեր գործընկերները, այն էր, որ մեր զինված ուժերի թիվն այնքանով կպակասի, որ այն լուրջ անվտանգային խնդիրների պատճառ կդառնա»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի իր հեղինակած նախագիծը:
Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել զոհված զինծառայողի եղբորը: Գործող օրենքով սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:
Պատգամավորը հայտնեց, որ գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը, բայց կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:
Սարգսյանը շեշտեց, որ նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության, այդ պատճառով էլ ինքը հանդես է եկել օրենքի փոփոխության առաջարկով:
Օրենքի նախագծի հեղինակը կարդաց իր մոտ եղած վիճակագրությունը և պնդեց, որ այն իրենից անվտանգային խնդիր չի առաջացնի:
«2022 թվականի ամառային զորակոչին նման զորակոչի ենթակա անձանց թիվը կլինի ընդամենը 10 երիտասրադ, իսկ այս տարվա ձմռան զորակոչին՝ 17 քաղաքացի է օգտվելու օրենքից, 2023 թվականի երկու զորակոչերին էլ, համապատասխանաբար՝ 11 և 14 զորակոչիկ»,-տեղեկացրեց ՔՊ պատգամավորը և ընդհանրացնելով թվերը, փաստեց, որ առաջիկա 4 զորակոչի ժամանակ օրենքի շահառու կլինեն 52 հնարավոր նորակոչիկ:
Նրա խոսքով՝ այսօր 100 հազարին հասնող և պահեստազորով մի քանի հարյուր հազարի հասնող ՀՀ Զինված ուժեր ունենալու պայմաններում, օրենքի ընդունմամբ ամեն զորակոչին 10-20 զինծառայողի ազատումը մարտունակության առումով խնդիր չի առաջացնի, առավել ևս, որ գործող օրենքով նրանք բանակ զորակոչվելու դեպքում էլ մարտական հերթապահություն չեն իրականացնում:
Պատգամավորը տեղեկացրեց, որ 2021 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ զոհված եղբայր ունեցող 27 քաղաքացի է եղել, որից 18-ը դիմել է պաշտպանության նախարարին և տարեկետում են ստացել, 5-ը առողջական խնդիրներով են ազատվել ծառայությունից և միայն 4-ն է զորակոչվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին և այն ընդգրկեց ԱԺ օրակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին