Գեղեցկության մթերքներ. մի՞ֆ, թե՞ իրականություն
Մրգերն ու բանջարեղենը, ըստ Healthy ամսագրի, մաշկի վրա հիմնականում երկու ազդեցություն են ունենում` սնուցող (դեղձ, ծիրան, խնձոր, կաղամբ, գազար) և սպիտակեցնող (վարունգ, բալ, մորի, ազնվամորի, հաղարջ, բողկ):
Սպիտակեցնող բոլոր դիմակներն օգտագործում են շաբաթական երկու անգամ, իսկ սնուցողները` շաբաթական մեկ անգամ: Դրանք կարելի է օգտագործել լոսյոնների տեսքով կամ անմիջապես թարմ մրգերն ու բանջարեղենն օգտագործելով:
Մաշկի` վիտամիններով հարստացումն անհրաժեշտ է տարվա ցանկացած եղանակին ու մաշկի ցանկացած տեսակի համար:
Սա, իհարկե,արտաքին օգտագործման մասին էր,իսկ ինչպես է ազդում գեղեցկության վրա այն,ինչ ուտում ենք. արդյոք, մի՞ֆ է գեղեցկության մթերք տերմինը:
Սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանին հարցրել էինք՝ կա՞ն արդյոք գեղեցկության մթերքներ, որ լավ են ազդում մաշկի, մազերի, ատամների և անգամ աչքերի փայլի վրա։
Նրա խոսքով, կան գեղեցկության վրա են ազդող մթերքներ, բայց դրանք հիմնականում բավականին թանկ են. օրինակ ծովամթերքները, որ հարուստ են ցինկով, ավոկադոն, սաղմոնը, նուշը, որ պարունակում է վիտամին Е, բրոկոկլին,որը պարունակում է վիտամին А, C և սուլֆաֆան, կանաչ թեյը, նուռը, որի համար հիմա ամենալավ սեզոնն է այդ շատ կարևոր ֆլավոնոիդները ստանալու, գազարը, սխտորը, որ պարունակում է հակաօքսիդանտներ և, իհարկե, հակաբորբոքային միջոցներ։
«Նշեմ նաև, որ կան մթերքներ, որ վատ են ազդում. օրինակ ատամների վրա բացասական ազդեցություն ունեն մուգ թեյերը, հատկապես սև թեյը, սուրճը,գունավոր ըմպելիքները։ Ինչ վերաբերվում է ոսկորների և ատամների ամրությանը, պիտի նշեմ կալցիումով հարուստ սննդամթերքների կարևորությունը և, իկհարկե, բերանի խոռոչի հիգիենան նույնպես շատ կարևոր է ատամների համար»,-ընդգծում է սննդագետը։