Կենդանաբանական այգում աշխատող պատահական մարդկանց կյանքին նույնպես վտանգ է սպառնում. Անուշ Ռաֆայելյան
«Կենդանաբանական այգու տնօրենը շատ արագ պետք է հեռացվի, որովհետև այս ամենը շատ սարսափելի հետևանքների է տանում, նույնիսկ մենք մտահոգված ենք, որ այգում աշխատող պատահական մարդկանց կյանքին նույնպես վտանգ է սպառնում»,- կենդանիների անկման դեպքերի առիթով Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը և բացատրեց, որ նոր աշխատակիցները չունենալով գիշատիչների հետ աշխատելու ունակություններ կարող են վնասվել:
Նա հայտնեց, որ նախադեպը եղել է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի օրոք, երբ փականագործին բերել են գիշատիչների բաժին աշխատելու, դեպք է պատահել, և հազիվ է հաջողվել փրկել աշխատակցի կյանքը:
Ռաֆայելյանը տեղեկացրեց, որ այգին պետական կառույց է, բայց հասարակությունը չգիտի, թե պետական ֆինանսավորումը ինչպես է օգտագործվում, իսկ նշանակված վերջին տնօրենները մասնագետներ չեն:
«Քանի կար՝ Կենդանաբանական այգու տնօրեն բերեցին կինոռեժիսորին, հետո՝ ճարտարապետին, վաղը երաժի՞շտ պետք է բերեն, բայց չի կարելի, այգին սպեցիֆիկ կառույց է, մասնագիտական գիտելիքներ է պետք»,- հայտարարեց կենդանաբույժը և տեղեկացրեց, որ այգու կառավարման խորհուրդ է ստեղծվել՝ տնօրենին ոչ մասնագիտական որոշումներից զերծ պահելու համար, բայց նրանց կարծիքը հաշվի չեն առնում ո՛չ տնօրեն նշանակելիս, ո՛չ էլ այգին կառավարելիս:
Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը ներկաներին հայտնեց, որ բոլոր բողոքների մասով քաղաքապետարանի աուդիտի ծառայությունն ուսումնասիրություններ է կատարում Կենդանաբանական այգում և հավելեց, որ հաջորդ շաբաթ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ և կտեղեկացնեն ստուգման արդյունքների մասին:
Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ցուցարարներին հայտնեց, որ քաղաքապետարանն ուշադրություն է դարձնում կենդանիների պահպանման և սննդի խնդիրներին:
«Կենդանաբանական այգում ունենք խորքային փոփոխությունների կարիք թե՛ կենդանիների պահպանության, թե՛ սննդակարգի, և կառավարման առումով էլ պետք է լինեն բարեփոխումներ, ցավոք մենք այդ խնդիրը ժառանգել ենք»,- ասաց Հովհաննիսյանը:
Փոխքաղաքապետն ակցիայի մասնակից այգու նախկին աշխատակիցներին հրավիրեց իր մոտ քննարկման:
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգում յագուար է սատկել. Տնօրեն
- Պարկով առնետի թույն՝ Կենդանաբանական այգու ջրավազանի մոտ․ ահազանգում է ԺՊ Արևիկ Մկրտչյանը
- Ըստ օդում կախված լուրերի՝ Կենդանաբանական այգու փոխարեն ցանկանում են էլիտար թաղամաս կառուցել. Անուշ Ռաֆայելյան
- Կենդանաբանական այգու հորդորը. Ցույց մի արեք, կենդանիները տուժում են
- Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում