Ավետիք Չալաբյան. Մեր երկիրը, որը արդեն իսկ բզկտված է պատերազմից, հայտնվում է նոր ռազմական վտանգների հորձանուտում
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Այս առավոտյան, Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ է սկսել Ուկրայինայի դեմ, և դատելով հասնող տեղեկություններից, նրա ողջ տարածքում:
Անկախ այս գործողությունների դրդապատճառներից, նրա հնարավոր արդյունքներից, յուրաքանչյուրիս անհատական նախապատվություններից, սա մեծ ողբերգություն է, և կարող է վիթխարի բացասական հետևանքներ ունենալ մեր ողջ տարածաշրջանի, նույնիսկ ամբողջ աշխարհի համար:
Մեր երկիրը, որը արդեն իսկ բզկտված է պատերազմից, հայտնվում է նոր ռազմական վտանգների հորձանուտում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի այս պահի լրջությունը, և առավելագույնն անի մեր երկրի անվտանգությունը բարձրացնելու, և հնարավոր նոր փորձություններից նվազագույն կորուստներով դուրս գալու համար:
Աստված պահապան բոլորիս: Պինդ եղեք»։