Հայաստանում մարդկանց մոտ 25-30 տոկոսը փող չունենալու պատճառով չի դիմում բժշկական հետազոտության. Ծաղիկ Վարդանյան
«Հայաստանում մարդկանց մոտ 25-30 տոկոսն այսօր չի դիմում բժշկական հետազոտության, որովհետև փող չունի»,- «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության սկիզբն ազդարարող ասուլիսում ասաց կազմակերպության համանախագահ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ ամենակարևորն է՝ ապահովել ֆինանսական հասանելիություն, ծառայությունների համապարփակ ծավալ։
Հարցին՝ ինչո՞ւ է թանկ ԿՏ և ՄՏՌ հետազոտությունները, նա նշեց, որ դրանք համարվում են թանկարժեք հետազոտություններ, ծախսածածկումը բավականին թանկ է, ինքնարժեքը բավականին թանկ է, բայց վերջին տարիներին եղել է գնի անկում։
«Համաձայն եմ, ֆինանսական հասանելիության առումով խնդիր կա»,- ասաց Ծ.Վարդանյանը։
Նրա խոսքով, աղքատության մասով 28 և ավելի բալ ունեցող երկրներում պետությունն իր վրա է վերցնում նման հետազոտությունների ծախսերը։
Կազմակերպության հիմնադիր համանախագահ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այսօր բժշկությունը չի կարող լինել մատչելի, բայց պետք է լինի բոլորին հասանելի։
«Բնակչության մեծ մասը օբյեկտիվ պատճառներով դժգոհ է բուժսպասարկման հասանելիությունից ու որակից, բժիշկները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից, աշխատավարձից, բուժհիմնարկները դժգոհ են ֆինանսավորումից։
Ելնելով դրանից՝ որոշեցինք ստեղծել ապաքաղաքական կազմակերպություն, միտված է լինելու օգնելու մեր ժողովրդին, նպաստելու է պացիենտների իրավունքների պաշտպանությանը»,- նշեց նա։
Կազմակերպության համանախագահ Անուշ Պողոսյանն ասաց, որ համագործակցելու են բոլոր պետական տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների հետ։
«Գաղափարը քննարկվել ու մեծ արձագանք է ստացել նաև Սփյուռքի կողմից։ Մենք պատրաստ ենք քննարկելու շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները, բոլորի հետ գործընկերային հարաբերություններ կնքել և թիմային աշխատանքի արդյունքում օր-օրի առողջապահական ոլորտում դրական փոփոխություններ արձանագրել», - նշեց նա։