Հայաստանի Հելսինկյան կոմիտե. Պատասխանատվության ենթարկել կոպիտ խախտումներ թույլ տված բոլոր ոստիկաններին
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն փետրվարի 23-ի ոստիկանության գործողությունները գնահատում է ոչ իրավաչափ։ Տարածած հայտարարության մեջ ասված է.
«2022 թ. փետրվարի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր հավաք, որի նպատակն էր ՀՀ-ում գտնվող Ադրբեջանի հանրապետության երկու պատգամավորներին ներկայացնել Ադրբեջանի իշխանություններին հասցեագրված պահանջը՝ անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից:
Չնայած հավաքի խաղաղ բնույթին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները («կարմիր բերետներ») կիրառեցին կոպիտ, անհամաչափ ուժ և բերման ենթարկեցին 25 անձի։ Բերման ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանության գործողությունների հետևանքով ստացավ ձեռքի կոտրվածք և տեղափոխվեց բժշկական հաստատություն։ Հավաքի մասնակիցներից բացի բերման ենթարկվեց նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Ա․ Նահապետյանը։ Ըստ վերջինիս՝ ոստիկանության ծառայողները առգրավել էին իր հեռախոսը և դրանից ջնջել մասնագիտական աշխատանքի հետ կապված նյութեր ։
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հաղորդեց, որ հավաքի մասնակիցների գործողությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
Նշված հավաքի ընթացքում ոստիկանության կողմից մասնակիցների նկատմամբ կատարված գործողությունները, կիրառված անհամաչափ ուժը, ինչպես նաև լրագրողի գործունեությանը խոչընդոտելը հանդիսանում են հավաքների ազատության իրավունքի կոպիտ խախտում։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից և անհամաչափ սահմանափակումներից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված բոլոր ոստիկանության ծառայողներին»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանների կողմից երիտասարդների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը պայմանավորում եմ նրանով, որ ցանկանում են դուր գալ Ալիևին ու Էրդողանին. Սաղաթելյան
- ՀՅԴ ՀԵՄ. «Հստակ գնահատական տալ ոստիկանության փետրվարի 22-ի ակնհայտ ապօրինի գործողություններին»
- Ոստիկանությունը՝ լրագրողին բերման ենթարկելու լուրերի մասին
- Թագուհի Թովմասյան. Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում ոստիկանների ագրեսիվ պահվածքի վրա
- Սրան տարեք, նրան տարեք, էն մեկին տարեք... ձեր Նիկոլին հավաքեք տարեք. Տիգրան Աբրահամյան
- Ռուբեն Մելիքյան. Ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքող երիտասարդներին «կարմիր բերետները» ձերբակալում են ամենալկտի ձևով