Բլինկեն. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են հետ մղել դաշինքի արևելյան թևին ուղղված ագրեսիաները
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են հետ մղել հնարավոր ագրեսիան Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի NBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրան հարցրել են, թե ԱՄՆ-ի կարծիքով որքանո՞վ է հավանական, Ռուսաստանի Դաշնությունից ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող վտանգը։ «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի երկրներին ուղղված սպառնալիքներին, մենք ունենք մի չափազանց հզոր բան՝ Վաշինգտոնի Հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածը: Մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա, և Ռուսաստանը գիտի այդ մասին»,- ասել է Բլինկենը:
«Այդ պատճառով էլ, ի թիվս այլ քայլերի, մեր պատասխաններից մեկը ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելն էր: Մենք լրացուցիչ զորքեր, լրացուցիչ տեխնիկա ուղարկեցինք Ռուսաստանին ամենամոտ երկրներ՝ հետ մղելու ցանկացած ագրեսիա, որը Ռուսաստանը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ»,- ասել է նա:
Հինգշաբթի օրը Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն պաշտպանելու է ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հայտարարել էր, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի
- Խարկովում ռուսական տանկեր են ոչնչացվել. Ուկրաինայի ԶՈւ
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում.
- Վրաստանի արձագանքը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին