Մեկնարկեց Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք
«Ազատագրական շարժում»-ն այսօր՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի մեկնարկի մասին։
Շարժման ներկայացուցիչ Նաիրի Հոխիկյանն ասաց, ստորագրահավաքն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում։ Ստորագրահավաքին կարող են միանալ նաև Սփյուռքի հայրենակիցները։
«Մենք կարծում ենք, որ ստարագրահավաքին կմիանան շատ-շատ մարդիկ»,-ասաց Հոխիկյանը՝ հորդորելով բոլոր քաղաքական ուժերին ու կազմակերպություններին միասին գնալ այս ճանապարհով, քանի որ սա ոչ թե իշխանության դեմ պայքար է, այլ ազգային-ազատագրական։
Շարժման մեկ այլ ներկայացուցիչ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ անցած տարի հունիսյան ընտրություններին շատ մարդիկ իրենց ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին՝ մտածելով, որ այդպես Հայաստանը կխուսափի պատերազմից։
«Նրանք կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեպքում պատերազմ չի լինի։ Մինչդեռ մի քանի ամիս անց այդ վարկածը հօդս ցնդեց, մենք Հայաստանի տարածքում ունեցանք ռազմական գործողություններ, զոհեր, գերիներ, որոնց մինչ այսօր չեն վերադարձրել»,-ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով, դրա փոխարեն մենք տեսնում ենք Ադրբեջանի ծավալապաշտական ցանկությունները, որոնք Ալիևը չի էլ թաքցնում։
«Այստեղից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ։ 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որը ստորագրվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, նաև մի կարևո իրադարձություն տեղի ունեցավ։ Հայաստանը՝ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը փոխանցեց Ռուսաստանին։ Մինչև այդ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը Հայաստանն է և վերջ։ Բայց մենք տեսանք այդ նախադասության միայն վերջը։ Մենք պետք է համախմբենք, ու հասկանաք, որ Նիկոլ Փաշինյանը անհաջողակ կառավարիչ է։ Նա, Զելենսկին ու Սահակաշվիլին նույն արտադրամասի արդյունքն ենք։ Մենք պետք է հասկանանք, որ այս անհաջողակ մարդիկ մեզ չեն կարող տանել արժանապատվության վերականգնման, հաղթանակի։ Դրա համար մենք բոլոր պետք է համախմբվենք, ծանր քարը միասին պոկենք գետնից, այս իշխանությանը հեռացնենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան