«Ժողովուրդ». Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն միջազգային հանրությունը չէր շտապում պատժամիջոցներ կիրառել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Փետրվարի 21-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին, եվրոպական երկրներն իրար հետևից հայտարարություններ են անում ու հայտնում Ռուսաստանի Դաշնության հանդեպ սանկցիաների մասին:
Իրավիճակը հատկապես սրվեց փետրվարի 24-ի առավոտյան, երբ Վլադիմիր Պուտինն արդեն բացահայտ հայտարարեց հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այսինքն՝ միջազգային հանրությունը ՌԴ-ին ճանաչեց ագրեսոր և հայտարարում է կապերը խզելու մասին, այնինչ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը նման աջակցություն չստացավ, և Ադրբեջանի հանդեպ նման լուրջ սանկցիաներ այդպես էլ չկիրառվեցին: Այսպիսով, ի՞նչ իրավիճակ ունենք:
Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան և Եվրամիության երկրները հայտարարել են, որ պատժամիջոցները առնչվում են ռուսաստանյան ընկերություններին, ֆինանսական կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց: Երեկ ևս ՌԴ հանդեպ պատժամիջոցների մասին նոր հայտարարություն եղավ:
Ըստ այդմ, Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ նույն միջազգային հանրությունը չէր շտապում այդպես արագ պատժամիջոցներ կիրառել կամ ագրեսոր համարել Ադրբեջանին: Այդ շրջանում միջազգային հանրության կողմից ավելի շատ երկու կողմերին զսպող հայտարարություններ էին արվում, Ադրբեջանի կամ Թուրքիայի հանդեպ շատ քիչ կառույցներ կամ երկրներ պատժամիջոցներ կիրառեցին:
Օրինակ՝ Նիդեռլանդների խորհրդարանը 2020 թվականի նոյեմբերին հայտարարեց, թե մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 50 անդամներ պահանջում են Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան