ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը 80 տարեկան է
ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են երգչուհուն՝ նրան շնորհավորելու հոբելյանի առթիվ:
«Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ պատիվ կունենամ շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու Ձեզ պես լեգենդար երգչուհուն։ Մենք մեծացել ենք Ձեր երգերով։ Ամեն տեղ հնչում էր Ռաիսա Մկրտչյան՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համերգասրահներում»,-նշել է նախարարը և ուրախությամբ ընդգծել, որ այսօր էլ տիկին Մկրտչյանն իր երիտասարդական ավյունով շարունակում է սիրելի գործը։ «Դուք մեր երգարվեստի բացառիկ մեծերից եք։ Եղե՛ք առողջ, երջանիկ, շարունակե՛ք նույն եռանդով հարստացնել հայ երգարվեստը և սերունդներ կրթել»,- ասել է Վահրամ Դումանյանը։
Ռաիսա Մկրտչյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում:
Երգչուհին շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և պատմել իր ստեղծագործական կյանքի մասին. «Ես երբևէ չեմ մտածել ձեռբերումներ ունենալու մասին, դա եղել է իմ հոգու պահանջը։ Երազում էի դաշնակահարուհի դառնալ։ Ինձ հետ Կոնսերվատորիայում սովորել են նաև Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը և այլ կոմպոզիտորներ։ Եվ նրանք իրենց առաջին ստեղծագործություններն ինձ են վստահել և փոխել իմ ճակատագիրը»։
Ռաիսա Մկրտչյանը հիշել է նաև Առնո Բաբաջանյանի հետ շուրջ 25 տարվա համագործակցությունը, երբ ձևավորվում էր մկրտչյանական ոճը։
Երգչուհին եղել է նաև Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի և այլ կոմպոզիտորների երկերի առաջին կատարողը: Կատարել է նաև ռուս, ուկրաինացի, վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
«Շատ ուրախ եմ, որ ճակատագրով այդպես ստացվեց, որովհետև դա դարձավ իմ հոգու գործը։ Երջանկություն է զբաղվել այն գործով, որի համար կոչված ես։ Ձևավորվեց մկրտչյանական ոճը, որը ոչ մի արտաքին ազդեցության չենթարկվեց և չձևափոխվեց։ Եթե իմ երգերը հաճելի են մարդկանց հոգուն, ուրեմն ես երջանիկ եմ»,- ասել է երգչուհին։
1977 թ. Ռաիսա Մկրտչյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Կարնեգի Հոլ», Սիդնեի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում:
2001 թ. նա արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2008 թ.` Մոսկվայի «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալի, 2009 թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2011 թ.` ՀՀ ԱԺ Պատվո մեդալի: 2006 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: