Լուծելով ուկրաինական թնջուկը՝ Մոսկվան վերջնականապես հաստատվելու է որպես մաքինդերյան Հարթլենդի առանցք-երկիր. Վահե Դավթյան
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«Նա, ով տնօրինում է Արևելյան Եվրոպան, տնօրինում է Հարթլենդը: Նա, ով տնօրինում է Հարթլենդը, տնօրինում է Համաշխարհային Կղզին: Նա, ով տնօրինում է Համաշխարհային Կղզին, տնօրինում է աշխարհը՛՛:
Հելֆորդ Մաքինդերի այս դասական դարձած աշխարհաքաղաքական բանաձևը շարունակում է պահպանել իր արդիականությունը:
Եվրասիական Հարթլենդում Ռուսաստանի շարունակական ամրապնդումը դրա դրսևորումներից է:
Չեզոքացնելով Թուրքիայից, իսկ իրականում՝ անգլոսաքսոնական աշխարհից եկող վտանգները Ղազախստանում՝ Մոսկվան դիրքավորվեց որպես Կենտրոնական Ասիայի առանցքային դերակատար՝ միաժամանակ ընդգծելով իր նշանակությունն այդ տարածաշրջանի երկրների ու Չինաստանի միջև հարաբերությունների կառուցման գործում (ի դեպ, նկատել ե՞ք, որ ղազախներից Ուկրաինայում ՌԴ գործողություններով ամենաշատը անհանգստացած են տապալված հեղաշրջման կուրատորները, այդ թվում՝ Կիևում գտնվող ղազախ նախկին պաշտոնյա ու օլիգարխ Աբլյազովը):
Ամրապնդվելով Արցախում՝ Մոսկվան դարձավ Կովկասի միակ իրական ակտորը: Առաջիկայում դա իր դրսևորումները կունենա նաև Վրաստանում, որտեղ թուրքական կապիտալը վերջին շրջանում սկսել է լուրջ անհարմարություններ զգալ (Նամահվանի ՀԷԿ-ի մեգանախագծի ձախողումը՝ դրան ապացույց), իսկ Բաքուն սկսել է զիջել Մոսկվային էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալներով:
Նույն ռազմավարության ներքո է օրերս կայացել ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին հռչակագրի ընդունումը, որն իր մեջ որևէ ռիսկ չի պարունակում Հայաստանի համար: Հակառակը՝ դրանով իսկ Մոսկվան առնվազն բերում է Ապշերոնի սուլթանատը կանխատեսելիության դաշտ: Պատահական չէ ադրբեջանցի մի շարք փորձագետների վրդովմունքը հռչակագրի առթիվ:
Այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել նաև 2018 թ. օգոստոսին ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, համաձայն որի կասպյան ավազանում կարող են գտնվել բացառապես կասպյան երկրների ռազմական նավերը: Սա ևս լուրջ առաջխաղացում էր Կասպյան-Կովկասյան տարածաշրջանում:
Այս ամենին զուգահեռ Մոսկվային հաջողվեց վերջնականապես իրեն ենթարկեցնել տարիներ շարունակ կոմպլեմենտարիզմով տառապող Բելառուսին, որն արդեն այսօր, տարբեր աղբյուրների համաձայն, ուղիղ մասնակցություն է ունենում ռուսական օպերացիային: Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Բելառուս լոգիստիկան դառնում է կարևորագույն աշխարհաքաղաքական զարկերակ, եվրասիական Հարթլենդի գեոտնտեսական ողնաշարներից մեկը:
Լուծելով ուկրաինական թնջուկը՝ Մոսկվան վերջնականապես հաստատվելու է որպես մաքինդերյան Հարթլենդի առանցք-երկիր: Դա ռուսական իդեոկրատիայի վերջնական նպատակներից է, որի ուղղությամբ Մոսկվան աշխատում է 2007 թ. Պուտինի Մյունխենյան ելույթից ի վեր:
Ձևավորվող աշխարհակարգն առանձնանալու է ուժային կենտրոնների կողմից հստակեցված ազդեցության գոտիներով: Արևմուտքի կրավորական կեցվածքը Ուկրաինայում ընթացող գործողությունների վերաբերյալ դրա դրսևորումներից է:
Ու սա ընդամենը այսբերգի գագաթն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի
- Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի թշնամին է․ Իշխանյան
- Վրաստանի արձագանքը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ
- Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է
- Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին. Ստեփան Դանիելյան
- ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ
- Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում անդրադարձ կա Արցախի հիմնահարցի կարգավորմանը
- Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան